Առաջին հանրապետության օրվա առթիվ` մայիսի 28-ին, հայ հեռուստադիտողին շնորհավորեցին «Արմենիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Բարի լույս, հայեր» ծրագրի հաղորդավարները:
Հաղորդմանը ներկա էին նաև երգչուհի Հասմիկ Կարապետյանն ու երգահան Ավետ Բարսեղյանը:
Հաղորդումը նշանավորվեց հաղորդավար և շոումեն Հովհաննես Ազոյանի (Հովո)` տոնի առթիվ արած հայտարարությամբ:
«Ինձ համար կրկնակի տոն է, որովհետև, նախ` Հայաստանի Հանրապետության առաջին անկախության օրն է, որը շատ կաևոր է»: Ազոյանի այս խոսքերից հետո Ավետ Բարսեղյանն ասաց, որ հիմնականում Հովհաննեսին նայում են, «իսկ էս էն պարագաներից է, որ ես խորհուրդ եմ տալիս ուշադիր լսել» (տեսանյութում` 5-րդ րոպեից):
Եվ հաղորդավարը շարունակեց. «Եվ երկրորդ` ամսի 28-ին վերջապես ազատ արձակվեցին քաղբանտարկյալները Հայաստանում, այդ թվում նաև լրագրող Նիկոլ Փաշինյանը, ինչը շատ կարևոր է իմ ու քո համար որպես լրագրող, որովհետև դու էլ ես հեռուստագետ, ես էլ եմ հեռուստագետ, Ռաֆայել, դու էլ ես հեռուստագետ»:
Հովհաննես Ազոյանն ասել է նաև, որ անպայման պետք է շնորհավորել երկրի նախագահին «նման կամք և համարձակություն դրսևորելու համար»:
«Շնորհավորում եմ Ձեզ, պարոն նախագահ, շնորհավորում եմ բոլորիս», – ասել է հաղորդավարը: Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում արդեն բուռն քննարկումներ են սկսվել այս տեսանյութի շուրջ: Դրանց մասնակիցներից ոմանք կարծում են, որ տվյալ հեռուստաընկերությունում «հիմա երևի բազար ա», իսկ Հովոն «միշտ տղա ա եղել»:
Մեկ այլ օգտատեր էլ հետևյալ ենթադրությունն է անում. «Աչքիս Հովոն ա ուշքի բերելու էս շոուբիզնեսը»:
Լուսանկարը` ArmComedy.com-ից