Թուրքիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող, այժմ բանտում գտնվող թուրքագետ Մուրադ Բոջոլյանը նամակ է հղել Հայ Ազգային Կոնգրեսին:
Նամակում, որը տրամադրել է ՀԱԿ-ի գրասենյակը, մասնավորապես ասված է.
«Ուրախությամբ տեղեկացա վերջին նախագահական ընտրությունների և մարտի 1-ի հետ կապված քաղբանտարկյալների (հուսով եմ բոլորի) ազատ արձակման մասին և ողջունում եմ բոլոր իմ բախտակից ընկերներին:
Վերջին տարիներին Հայաստանում լուրջ քաղաքական գործընթաց է սկսվել, որն արդի փուլում հնարավորություն է տալիս առանց քաղաքական ցնցումների և ուղղակի կամ անուղղակի երկխոսության միջոցով վերականգնել Սահմանադրական կարգը, հիմնավոր քայլեր կատարել ժողովրդավարության, օրինականության և արդարության վերահաստատման ուղղությամբ, որպեսզի Հայաստանում այլևս երբեք չլինեն անարդարության զոհեր: Ես շնորհակալ եմ համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին, որ հավատացել են իմ անմեղությանը, և, ի թիվս մյուս քաղբանտարկյալների, երեք տարի շարունակ պայքարել են նաև իմ ազատության համար:
Ինձ համար հատկապես շատ կարևոր էր Կոնգրեսի և անձամբ առաջին նախագահի վերաբերմունքն իմ հանդեպ, ինչը նպաստեց իմ բարի անվան վերականգնմանը հասարակության լայն շրջանակներում: Շուտով լրանում է իմ անազատության վերջնաժամկետը, և ես չէի ցանկանա, որ տվյալ պահին, իմ` դեռևս անազատության մեջ լինելու փաստը խոչընդոտեր Կոնգրեսի և իշխանությունների հնարավոր երկխոսությանը»:
Նշենք, որ Մուրադ Բոջոլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 59 հոդվածի հատկանիշներով՝ օտարերկրյա կազմակերպություններին պետական, ռազմական կամ այլ բնույթի գաղտնիքների մասին տեղեկություններ հաղորդելու համար: Հայ Ազգային Կոնգրեսը Բոջոլյանին համարում է քաղբանտարկյալ:
Լուսանկարը` hra.am կայքից