Մայիսի 30-ին մեկնարկել են լիբիական Ջամահիրիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Ջեյկոբ Զումայի միջև բանակցությունները, հայտնում է «Ալ-Ջազիրան»: Հանդիպումից հետո Զուման հայտարարել է, որ Քադաֆին պատրաստ է խաղաղ բանակցությունների գնալ ապստամբների հետ:
«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ, Զուման հայտնել է, որ Քադաֆին պատրաստ է զենքը վայր դնել, սակայն որոշակի պայմաններ է առաջադրել, ինչն էլ բնականաբար ապստամբներն անմիջապես մերժել են: Զումայի խոսքով` Քադաֆին ցանկանում է «յուրաքանչյուր լիբիացու հնարավորություն տալ ինքնուրույն ընտրել իր ապագան»: Միաժամանակ որևէ ակնարկ չի եղել Քադաֆիի կողմից երկրի ղեկավարությունը թողնելու վերաբերյալ, ինչն ապստամբների հիմնական պահանջն է:
Նշենք, որ վերջին օրերի ընթացքում ավելի քան 100 զինվորական պաշտոնյաներ և զինվորներ փախել են Քադաֆիի զինված ուժերից: Լիբիան լքած զինվորականները երկուշաբթի մամլո ասուլիս են տվել Իտալիայում, որտեղ նշել են. «Այն ինչ մեր ազգի հետ է կատարվում, սարսափեցրել է մեզ»:
«Բազմաթիվ սպանություններ, ցեղասպանություն , բռնաբարություններ… Ոչ մի խելամիտ մարդ, որն առնվազն չնչին արժանապատվություն ունի, չէր կարող անել այն ինչ մենք մեր աչքերով ենք տեսել, և այն, ինչ նա մեզ ստիպում էր անել» ,- նշել է սպաներից մեկը, հավելելով` «Քադաֆիի օրերը հաշված են»: