Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքին բացակայում էին վերջին երկու քաղբանտարկյալները, ում ազատ արձակումը պահանջում էր ընդդիմությունը՝ Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը: ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը հանրահավաքին հնչեցրած իր ելույթում նշել է, որ քանի որ Սարգիս Հացպանյանը և Մուրադ Բոջոլյանը դիմել են ՀԱԿ-ին՝ ասելով, որ մի քանի օրվա իրենց ազատությունը իշխանությունների երկխոսությանը չպիտի խոչընդոտի, ուրեմն ՀԱԿ-ը կարող է առաջ շարժվել՝ հարգելով քաղբանտարկյալների սկզբունքայնությունը և որոշումը: Հավաքվածները դրական արձագանքեցին Զուրաբյանի խոսքերին, որից հետո վերջինս նշեց, որ իրենց երկխոսության թեմանրից է լինելու նաև Հացպանյանի և Բոջոլյանի իրավունքների ոտնահարման թեման, իսկ Հացպանյանի դեպքում նաև նրա հայաստանյան կացության հարցը:
«Իշխանությունները յուրաքանչյուր քաղաքական պատանդի ազատելուց հետո փորձում էին ինչ-որ զիջումներ կորզել Կոնգրեսից: Նրանց ամենակարևոր նպատակն էր, որ մենք հեռանանք բռնապետության հեռացման ծրագրից: Բայց դա չիրականացվեց: Մենք շարունակելու ենք հանրահավաքներ իրականացնել, և մեր գլխավոր զենքը այդ հանրահավաքների մարդաշատությունների ապահովումն է», – ասել է Զուրաբյանը: