Վրաստանի ներքաղաքական իրավիճակը կայուն է և միշտ էլ այդպիսին է եղել: Անկայուն վիճակ չի համարվում այն վիճակը, երբ անցկացվում են հանրահավաքներ. դա Վրաստանի քաղաքացիների սահմանադրական իրավունքն է: Այս մասին այսօր Երևանում հրավիրած մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանում Վրաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին:
Նրա խոսքով` հանրահավաքների ժամանակ պարզապես որոշակի ուժ ապակայունացրել է վիճակը և խաղաղ հավաքը վերածել դիմադրության ոստիկանության հետ, որը, «բնականաբար, համաչափ ուժ է կիրառել` դադարեցնելու ապօրինի գործողությունները»:
Ըստ դեսպանի տեղեկությունների` այս պահի դրությամբ հանրահավաքներից հետո մոտ 90 մարդ է ձերբակալվել, որոնք ենթարկվել են պատժի` 30-60 օր ազատազարկում, ինչպես նաև կան քրեական գործով ազատազրկվածներ: