«Այաքսի» հայազգի ֆուտբոլիստ Արազ Օզբիլիզը խոստացել է Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել օգոստոսի 10-ին Կաունասում կայանալիք Լիտվայի ընտրանու հետ ընկերական խաղին, հայտնում է ArmFootball.com-ը:
Ֆուտբոլիստի խոսքով` ինքը չի ցանկանում մասնակցել ԵՎՐՈ-2012-ի Ռուսաստանի հետ հանդիպմանը, քանի որ վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի շատ հանգստացել է, քան մարզվել:
Հայտնի է դարձել նաև, որ թուրքական «Բուրսասպոր» ակումբի հետ, որը հետաքրքրված էր Արազի ծառայություններով, բանակցությունները ձախողվել են, և թուրքական կողմը արդեն մեկնել է Ամստերդամից` ամենայն հավանականությամբ չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ ակումբի կամ ֆուտբոլիստի հետ:
Հայազգի ֆուտբոլիստը ծնվել է 1990թ. թուրքական Բաքիրոյ քաղաքում: 8 տարեկան հասակում նա իր ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Հոլանդիա, որտեղ սկսել է մարզվել «Այաքսի» ֆուտբոլային ակադեմիայում:
Մինչ 2010-11 մրցաշրջանը ֆուտբոլիստը խաղում էր «Այաքսի» երիտասարդական թիմերում, իսկ այս տարի նա ամրապնդվել է ակումբի հիմնական թիմի կազմում:
Հիշեցնենք, որ դեռևս անցյալ տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունն առաջարկել էր Օզբիլիսին հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում: Վերջին հարցազրույցներից մեկում ֆուտբոլիստը նշել էր, որ կընդունի հայաստանյան կողմի հրավերը, եթե իրեն չհրավիրեն Հոլանդիայի հավաքական: