Home / Հայաստան / Իշխանություններն առաջիկայում կքննարկեն ընդդիմության առաջարկը. ՀՀԿ-ական պատգամավոր

Իշխանություններն առաջիկայում կքննարկեն ընդդիմության առաջարկը. ՀՀԿ-ական պատգամավոր

ՀՀԿ-ն խորհրդում դեռևս չի քննարկել Հայ Ազգային Կոնգրեսի երեկվա հանրահավաքին հնչած պատվիրակությունների մակարդակով երկխոսության հարցը։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Նրա խոսքով` հանրահավաքը միայն երեկ է կայացել և պատվիրակների մասին հայտարարությունը երեկ է հնչել:

«Առաջիկայում այդ հարցը կքննարկվի և որոշում կկայացվի, – ասել է Սահակյանը, –  Պատվիրակների մասնակցության ֆորմատը որոշողը երկրի նախագահն է, ՀՀԿ  ղեկավարը»:

ՀՀԿ-ական պատգամավորը նշել է, որ իրենք տարբեր առիթներով հայտարարել են, որ երկխոսության հետ կապված խնդիր չունեն, բայց եթե իրենց հետ չեն խոսում պահանջների ու վերջնագրերի լեզվով:

Ինչ վերաբերում է հնարավոր պատվիրակությունների կազմերին, ապա, ըստ Սահակյանի, երկխոսողների թիվը պետք է սահմանափակ լինի, քանի որ բանագնացների մեծ թիվը լավագույն տարբերակը չէ:

Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀԱԿ-ն առաջիկա օրերին կորոշի իրենց պատվիրակության կազմը, որը բաղկացած կլինի 3–5 հոգուց, և իշխանությանը կներկայացնի երկխոսության օրակարգը։

«Բնականաբար, նույնը պետք է անի նաև իշխանությունը՝  թե՛ պատվիրակություն կազմավորելու, թե՛ սեփական օրակարգը ներկայացնելու առումով։ Կոնգրեսի օրակարգը հայտնի է՝  արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բայց դա չի նշանակում, թե մենք չպետք է հաշվի առնենք նաև իշխանության ներկայացրած օրակարգն ու հակաառաջարկները, այլապես կխախտվի կողմերի իրավահավասարությունը», – ասել էր Տեր-Պետրոսյանը: