Home / Հայաստան / Էներգետիկայի նախարարը պատմել է «Նաիրիտի» խնդիրների մասին

Էներգետիկայի նախարարը պատմել է «Նաիրիտի» խնդիրների մասին

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ներկայացրել է «Նաիրիտ» գործարանում տիրող իրավիճակը և խոսել է խնդիրների մասին:

Նա նշել է, որ «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, 10 տոկոսը ներկայացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: «Նաիրիտ»-ում այսօրվա վիճակով աշխատում է շուրջ 3074 մարդ, որից ղեկավար անձնակազմը` 554 մարդ, մասնագետներ և ծառայողներ` 686 մարդ, մնացածը բանվորական անձնակազմն է:

Մովսիսյանի խոսքով՝ 2006-2007 թվականների մասնավորեցումից հետո ամենաբարձր արտադրանքը ֆիքսվել է 2007 և 2008 թվականներին:

«Այդ ժամանակ գազի ներկրման գինը Հայաստանի Հանրապետությունում եղել է 54 ԱՄՆ դոլար: Դրանից հետո գազի գներն սկսում են բարձրանալ, և, բնականաբար, ամեն տարի փոփոխվելով, գազի գինը բավական ծանր ազդեցություն ունեցավ «Նաիրիտի» ամբողջ տնտեսության վրա: Դա բերում էր ինքնարժեքի թանկացման, դա բերում էր նրան, որ անհրաժեշտ էր անընդհատ նոր շուկաներ փնտրել և միաժամանակ ինքնարժեքն իջեցնելու փորձեր անել: Վերջնակետը դարձավ 2008 թվականի միջազգային ճգնաժամը, որի արդյունքում ամբողջ համաշխարհային տնտեսությունը, այդ թվում նաև ողջ քիմիական ոլորտը հայտնվեց կոլապսի մեջ: Խնդիր առաջացավ նոր զարգացման ծրագիր ստեղծելու և իրականացնելու: Եվ 2010 թվականին բաժնետերերի կողմից հաստատվեց նոր զարգացման ծրագիրը, – ասել է նախարարը:

Մովսիսյանը նշել է, որ հայտարարված է մրցույթ և այժմ նախարարությունը փնտրում է միջազգային օպերատոր, որն ի վիճակի կլինի և ձեռնամուխ կլինի այս ծրագրի իրագործմանը:

«Անհրաժեշտ է մոտավորապես 400-500 մլն դոլարի ներդրումներ, որպեսզի «Նաիրիտի» հարցը վերջնականապես լուծվի և այն համապատասխանի միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ են այնպիսի օպերատորներ, որոնք այսօր շուկայում կարող են գործ ունենալ նման մեծ ներդրումների, նման մեծ ֆինանսական միջոցների հետ», – ասել է Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ ամենատարբեր լուրեր են պտտվում, թե «Նաիրիտի» սարքավորումները մոնտաժվում են, վաճառվում և այլն:

««Նաիրիտում» կան 4 սերնդի սարքավորումներ, շենքեր և շինություններ: Բնականաբար, շատ սարքավորումներ այլևս պիտանի չեն, բարոյապես մաշված են, երկրորդը, որ դրանք արդեն այնքան հին են մաշվածության առումով, որ չի կարելի օգտագործել տեխնոլոգիական որևէ պրոցեսում: Ստեղծված է հատուկ հանձնաժողով, որը գնահատում է դրանց տեխնիկական և տեխնոլոգիական վիճակը, շուկայական արժեքները: Նման եռաստիճան փորձաքննություն անցնելուց հետո, եթե հնարավորություն է լինում դրանք իրացնելու, իրացնում ենք: «Նաիրիտում» այսօրվա վիճակով կա մոտ 4 ամսվա աշխատավարձի պարտք: «Նաիրիտի» հիմնական անձնակազմը հնարավորինս պահպանվում է, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա գործարկման հետ, նաև աշխատում ենք աշխատավարձի պարտքը կրճատել: «Նաիրիտում» եղել են ռուսական և արտասահմանյան խոշոր ընկերությունների քիմիական մասնագիտական խմբեր, այդ թվում` «Սիբուրի» 25 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, «ՆիժնիկամսկՇինպրոմի» աշխատանքային խումբը, ովքեր բավականին բարձր են գնահատել առկա ինչպես տեխնիկական ներուժը, այնպես էլ մարդկային ռեսուրսները, հատկապես «Նաիրիտի» մասնագիտական ներուժը: Եվ սա հույս է ներշնչում, որ մենք կարող ենք «Նաիրիտը» այս իրավիճակից հանել: Անցած տարիների ընթացքում կուտակվել են մոտավորապես 120-130 մլն դոլարի տարբեր պարտավորություններ, հիմնականում Միջպետական բանկի հանդեպ, քանի որ Միջպետական բանկն էր այս տարիների ընթացքում ֆինանասվորում «Նաիրիտի» աշխատանքը: Մոտավորապես 20-25 մլն դոլարի չափով ներքին պարտավորություններն են հայկական բանկերի հանդեպ. (աշխատավարձերի և այլ պարտավորությունները): Բայց գտնում եմ, որ այն ճանապարհը, որով գնում ենք, հնարավորություն կտա այս վիճակից ուղղակի փրկել «Նաիրիտը»», –  ասել է Մովսիսյանը:

Նա նշել է, որ 15-ին արդեն լրանում է մրցույթի ժամկետը:

«Սպասում ենք, տեսնենք, ովքեր հետաքրքրության հայտ կներկայացնեն: Բոլոր առաջարկներըկներկայացնենք ձեր քննարկմանը և կփորձենք աշխատել», – ասել է Մովսիսյանը՝ պատասխանելով մրցույթի մասին  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսւյանի հարցին: