Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարիին այսօր կեսօրին բերման են ենթարկել Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին: Միջադեպը, որի պատճառով Գասպարիին տարել բաժին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության շենքի մոտ:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում պատմեց Վարդգես Գասպարին, ինքը կանգնած է եղել կառավարության շենքի մոտ, երբ ոստիկանները ցանկանցել են ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի համար ավելի լայն ճանապարհ բացել և սկսել են հրել տարբեր բողոքի ակցիաներ իրականացնող մարդկանց: Գասպարիին նույնպես հրել են, որից հետո նա բացականչել է՝ «Ձեռքդ հեռու, խուլիգան»: Ոստիկանները կարգադրություն են ստացել Գասպարիին տանել բաժին:
Գասպարիի խոսքով՝ ոստիկանության շենքում ինքը ոչ մի հարցի չի պատասխանել, որից հետո նրան ասել են, որ կարող է գնալ: Վերջինս հրաժարվել է դուրս գալ շենքից՝ նշելով, որ իրեն ապօրինաբար ազատությունից զրկել են և պահանջելով իրենից այդ մասին հաղորդագրություն ընդունել:
«Ոստիկանները հրաժարվեցին դա անել, որից հետո հարկադրանքի կիրառմամբ, ձեռքերիցս և ոտքերիցս բռնած ինձ դուրս հանեցին ոստիկանությունից: Ես պատրաստ էի գնալ նախագահականի մոտ և, որպես ինձ ազատությունից զրկելու և հաղորդագրություն չընդունելու համարժեք պատասխան, բողոքի ակցիա անել, սակայն այլ կարևոր ժամադրություն ունենալու պատճառով այս անգամ չկարողացա դա իրականացնել», – պատմել է Վարդգես Գասպարիին: