«Նիկոլ Փաշինյանի գործունեությունը որևէ փոփոխություն չի կրի, և այսքան ժամանակ` բանտում, թե ազատության մեջ, փոփոխություն չի կրել»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:
Խոսելով ընդդիմություն-իշխանություն երկխոսության մասին` Փաշինյանն ասել է, որ չի ցանկանում քննարկել Սերժ Սարգսյանի քայլերը.
«Մենք պետք է հասկանանք, որ ներքաղաքական կյանքի հետագա զարգացումները մեծապես կախված են այն արձագանքից, որ իշխանությունները կցուցաբերեն ՀԱԿ-ի առաջարկների նկատմամբ: Կգնա Սերժ Սարգսյանը նման քայլի` Հայ Ազգային Կոնգրեսը ունի դրան համապատասխան արձագանք, չի գնա Սերժ Սարգսյանը նման քայլի` ՀԱԿ-ն ունի համապատասխան արձագանք»:
Փաշինյանը խոսել է նաև ՀԱԿ-ի ներսում տրամադրությունների փոփոխության մասին և բացատրել, որ այս մի քանի տարիների ընթացքում Կոնգրեսի դիրքորոշումները էլ ավելի են կոշտացել:
«Երբ Կոնգրեսը ստեղծվում էր, մեկ նախապայման կար` քաղբանտարկյլալների ազատ արձակումը, որից հետո ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար պատրաստ էր գնալ երկխոսության: Էն ժամանակ կար մեկ նախապայման: Իսկ 2011 թվականին այդ նախապայմանները դարձան երեքը, այսինքն` ՀԱԿ-ի դիրքորոշումը ոչ թե մեղմացել է, այլ կոշտացել է: Մեղմացում ներքաղաքական դաշտում եղել է, բայց դա եղել է իշխանության դիրքորոշման մեղմացում»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողի այն հարցին, թե հենց ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանն է անդամակցությունից դուրս գալուց առաջ նշել, որ փոփոխություններ են տեղի ունեցել Կոնգրեսի գործելաոճում, Փաշինյանը պարզաբանել է.
«Յուրաքանչյուր իրավիճակ յուրաքանչյուրը կարող է գնահատել յուրովի, բայց մենք պետք է հաշվի առնենք փաստերը, այսինքն` եթե Կարապետ Ռուբինյանը այդպես է ասում, դա չի նշանակում, որ Կարապետ Ռուբինյանի բոլոր գնահատականները ճշգրիտ են և համապատասխանում են իրականությանը»:
Փաշինյանի խոսքով` ՀԱԿ-ը երբեք չի գնա անպարկեշտ գործարքների. «դա նույնն է, թե մարդ խաչ քաշի իր ողջ անցած ուղու վրա»: