Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հետ միանալու փորձ ունի և, այդ փորձը հաշվի առնելով, հայտարարություններ է անում: «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է ՀՅԴ-ական գործչի այն հայտարարությունը, թե Սերժ Սարգսյանն ու Տեր-Պետրոսյանը <թող միանան, որպեսզի ժողովրդին պարզ լինի` ում դեմ պայքարեն»:
«Մենք չգիտենք, թե ինչ է նշանակում միանալ Սերժ Սարգսյանի հետ, և, կարծում եմ, երբեք էլ չենք իմանա: Դաշնակցությունը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ տարբեր իրավիճակներում միանալու շատ մեծ փորձ ունի, բայց ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք այդ փորձի փոխանակման կարիքը չունենք», – ասել է Փաշինյանը:
Փաշինյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տարբերություններին.
«Նրանց միջև ոչ մի տարբերություն չկա, տարբերություն կա 2006 թվականի և 2011 թվականի Հայաստանի քաղաքացու միջև, սա է ամբողջը»:
Խոսելով Քոչարյանի հավանական վերադարձի մասին` նախկին քաղբանտարկյալն ասել է.
«Պարոն Քոչարյանը ցանկության դեպքում անգամ չի կարող հեռանալ քաղաքականությունից, որովհետև հանրությունը պետք է թույլ տա դա: Գիտեք, դա շատ մեծ երջանկություն է, երբ մեկը կարող է վեր կենալ ու հեռանալ քաղաքականությունից, պարոն Քոչարյանը չի կարող օգտվել այդ երջանկությունից, որովհետև հեռանալու իրավունք ստանալ կամ չստանալուց առաջ նա հանրության շատ հարցերի պիտի պատասխանի»:
Պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինչպիսի դերակատրություն կարող է ունենալ ՀՀ երկրորդ նախագահը ընդդիմություն-իշխանություն բանակցությունների մեջ, Փաշինյանն ասել է.
«Եթե իշխանությունները ուզում են Ռոբերտ Քոչարյանին ընդգրկել բանակցող պատվիրակության կազմի մեջ, թող ընդգրկեն, դա իրենց խնդիրն է: Եթե նման բան տեղի ունենա, Հայ Ազգային Կոնգրեսն իր վերաբերմունքը կարտահայտի»:
Լուսանկարը` lenta.ru-ից