Հանրահայտ ամերիկացի երգչուհի Ռիհաննայի նոր տեսահոլովակը, որում սեռական ոտնձգության զոհ դարձած կինը կրակում և սպանում է բռնաբարողին, հասարակական կազմակերպությունների բողոքի ալիքի պատճառ է դարձել և հնարավոր է որ եթեր դուրս չգա, հայտնում է AP-ին:
ԱՄՆ-ում «Երաժշտական բռնության» դեմ պայքարի գործում միավորվել են ակտիվիստների միանգամից մի քանի խմբեր, այդ թվում` Parents Television Council-ը (Ծնողների հեռուստատեսային խորհուրդը):
Ծնողների հեռուստատեսային խորհրդին առավել վրդովվեցրել է այն հանգամանքը, որ տեսահոլովակի հերոսուհին որոշում է սպանել բռնաբարողին, և ոչ թե դիմել իրավապահներին:
«Ռիհաննան բռնություն է քարոզում,- հայտարարել է հայտնի ամերիկացի քննադատը: Չափազանց դաժան է: Չէ, որ նրան ոչ միայն մեծերն են սիրում, այլ նաև երեխաները: Այստեղ սարսափելի սյուժետային գիծ կա, երբ նա կրակում է մարդու վրա: Ինչ է, կարելի է նման բանը եթե՞ր թողնել: Մենք ի՞նչ ենք քարոզում` բռնություն ընտանիքում, միմյանց նկատմամբ դաժան վերաբերմունք»:
Տեսահոլովակի պրեմյերայի նախօրեին երգչուհին իր Twitter-ում գրում է, որ այնտեղ «շատ լուրջ տեքստ կա` ուղղված այնպիսի աղջիկներին, ինչպիսին ես եմ»: Ակնհայտ է, որ սա երկու տարվա վաղեմության միջադեպի հիշեցումն է, երբ Ռիհաննան ծեծի էր ենթարկվել իր նախկին ընկերոջ կողմից Grammy-ի մրցանակի շնորհման արարողության ճանապարհին:
Ռիհաննան Twitter-ում պատասխանել է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքներին. «Ես 23-ամյա ռոք-երգչուհի եմ, ով երեխաներ չունի: Ինչո՞ւ հանկարծ բոլորը ցանկացան, որպեսզի ես ծնող լինեմ: Երաժշտական ինդուստրիան ծնող չէ: Մենք ստեղծագործական ազատություն ունենք, ուրեմն թույլ տվեք մեզ դրանով զբաղվել»: