Հաղորդավար Ավետ Բարսեղյանին «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդումից ազատելու մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել, գրում է «Հրապարակ» օրաթերթը: Հիշեցնենք, որ երեկ օրաթերթը գրել էր, որ Բարսեղյանին աշխատանքից ազատել են՝ պատճառաբանելով նրա ոչ ճշտապահությունը աշխատանքի ներկայանալիս, սակայն իրական պատճառը կարող է լինել այն փաստը, որ մայիսի 28-ին հաղորդման հյուր դերասան Հովհաննես Ազոյանը շնորհավորել է բոլորին քաղբանտարկյալների և, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման կապակցությամբ, իսկ Բարսեղյանը հաղորդման երկրորդ մասում փորձել էր պաշտպանել Ազոյանին հեռուստաընկերության ղեկավարների հետ զրույցում:
««Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարները շտապեցին հարցազրույցներ տալ և չնայած Ավետի՝ աշխատանքից ազատվելու փաստը հաստատեցին, սակայն պնդում էին, որ Բարսեղյանին ընդամենը այլ ծրագրեր են առաջարկել՝ նույն հեռուստաընկերության «Բարի գիշեր» հաղորդաշարը: Ըստ հավաստի աղբյուրների, հենց մեր երեկվա լուրն է ազդել նշված հեռուստաընկերության ղեկավարների վրա, և նրանք որոշել են Ավետին արագ տեղավորել մեկ այլ ծրագրում, որպեսզի աղմուկը մարի: Հակառակ դեպքում՝ անհասկանալի է, թե ինչու պետք է «Արմենիան» հաղորդավարների նոր դուետ կազմելուց, նոր տաղավար սարքելուց և նոր եթերաշրջան սկսելուց անմիջապես հետո բացահայտ դոմինանտ հաղորդավարին տեղափոխեր մեկ այլ հաղորդում: Խոսակցություններ կան, որ ռուսական «Жестокие игры» խաղի հայկական տարբերակը ևս վարելու է Ավետ Բարսեղյանը», – գրում է «Հրապարակը»: