Րոպեներ առաջ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր` Տիգրան Փոստանջյանի գործով դատավարությունը:
Տիգրան Փոստանջյանը համաներմամբ ազատ արձակվեց և արդեն դուրս եկավ դատարանի շենքից:
Նիստի ժամանակ դատավորը հայտարարել էր, որ Փոստանջյանի վրա ևս կտարածվի հայտարարված համաներումը, եթե նա համաձայնի ընդունել այն:
Տիգրան Փոստանջյանի խոսքով` ինքը պատրաստ կլիներ ապացուցել իր անմեղությունը, եթե դատարանը փոխեր խափանման միջոցն ու դատաքննությունը շարունակվեր իր ազատության պայմաններում: Եթե նման հնարավորություն չկա, ապա մեղադրյալը պատրաստակամություն հայտնեց ընդունել համաներումը:
Նա հայտարարել է, որ երբեք չէր անի դա ու մինչև վերջ կպայքարեր, սակայն բանտի ստորացուցիչ պայմաններն իրեն ստիպում են գնալ այդ քայլին:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ դատախազության, «Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատարանձ չհանդիսացող հանրային ծառայող, ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու համար Հ.Ս.-ից 2010թ. սեպտեմբերին պահանջել և ստացել է 100 000 դրամ վարձատրություն»:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդված 1-ին մասով:
Հիշեցնենք, որ մի շարք իրավապաշտպաններ և հասարակական կազմեկերպություններ բազմիցս դիմել են ինչպես հայաստանյան, այնպես էլ միջազգային կառույցներին` նշելով, որ Տիգրան Փոստանջյանի դեմ իրականացվում է քաղաքական հետապնդում: