Հայաստանի հավաքականի 22-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիտարյանը բավական հաջող մրցաշրջան է անցկացրել Դոնեցկի «Շախտյորում», Ռուսաստան-Հայաստան խաղի նախաշեմին գրում է «Սպորտ-էքսպրես»-ը:
Ներկայացնում ենք հատվածներ ռուսաստանյան պարբերականին տված Մխիթարյանի հարցազրույցից.
– Երևանում մարտին կայացած հանդիպումը ոչ մի կողմին հաղթանակ չբերեց: Ինչպե՞ս եք գնահատում այդ արդյունքը:
– Դա արդեն պատմություն է, և պետք չէ վերդառնալ այդ խաղին: Չնայած թիմն իր համար հետևություններ արել է, որպեսզի ավելի լավ պատրաստվի Ռուսաստանի հավաքականի հետ նոր խաղին:
– Սեփական հարկի տակ խաղում ընթացքում Հայաստանը հարձակման գծում խնդիրներ ուներ: Ինչո՞ւ:
– Ինձ թվում է` այդ ժամանակ զգացնել տվեց խաղային համապատասխան պրակտիկայի բացակայությունը:
– Նկատելի էր, որ հատկապես Ձեզ ռուսաստանցիները շատ լավ ուսումնասիրել էին և առանձնապես լավ գործելու հնարավորություն չէին տալիս:
– Դե դա Ձեր կարծիքն է: Իմ կարծիքով` պատճառները մի փոքր այլ են: Ամեն դեպքում, ես վերլուծելու եմ իմ թերությունները և Սանկտ Պետերբուրգում փորձելու եմ ավելի լավ խաղալ:
– Ձեռքից բաց թողնելով առաջատարի դիրքերը` Ռուսաստանը մտադիր է հաղթանակ տանել առաջիկա խաղում:
– Մենք նույնպես: Գիտենք, թե ում հետ գործ ունենք, լուրջ պայքարի ենք պատրաստվում և մինչ վերջին վայրկյանը պայքարելու ենք:
– Ռուսաստանում սեփական թիմին ով պատահի քննադատում է, և Հայաստանի հետ խաղում սեփական հարկի տակ պարտությունը նրանց ոչ ոք չի ների: Այդ ճնշումը հայերի օգտի՞ն է խոսում:
– Սա ռուսական թիմի խնդիրն է, որի մասին ես չէի ցանկանա խոսել: Մենք առաջին հերթին մտածում ենք սեփական խաղի մասին:
– Հայաստանի հավաքականի կազմում Ձեր գործողություններից շատ բան է կախված: Պատասխանատվությունը չի՞ ճնշում:
– Ոչ միայն ինձանից է կախված, այլ ողջ թիմից: Եվ ոչ միայն այն տասնմեկից, որ դաշտ են դուրս գալիս: Կախված է բոլորից, այդ թվում` հավաքականի ղեկավարներից և անձնակազմից:
– Հավաքականում գործողությունների ավելի մեծ ազատություն ունեք, քան «Շախտյորում»: Դժվա՞ր է ազգային հավաքական տեղափոխվել ակումբային խաղերից հետո, որտեղ դուք ստիպված եք մի փոքր այլ գործառույթներ իրականացնել:
– Դժվար չէ: Դա նորմալ է, չէ որ ցանկացած մարզիչ խաղը յուրովի է պատկերացնում, և հետևաբար խաղն էլ կառուցում է իր ձևով: Եթե ես ազգային հավաքականի մարզաշապիկն եմ կրում, տարբերություն չկա, թե ինչպիսի սեզոն է հետևում մնացել: Միայն այն փաստը, որ ես ազգային հավաքականի կազմում եմ հանդես գալիս, ինձ արդեն ուժ է տալիս: