Մայիսի 24-ին, ժամը 12.54-ին, «ՎիվաՍել ՄՏՍ» ՓԲԸ-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ մի քաղաքացի զանգահարել է իրենց և հայտնել, որ «ՎիվաՍել»-ի շենքում ռումբ է տեղադրված և 45 րոպեից այն գործի է դրվելու:
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր էին մեկնել ոստիկանության, ԱԱԾ, պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ:
Համալիր ստուգումների արդյունքում պարզվել էր, որ հաղորդումը չի համապատասխանում իրականությանը, նշված շենքում ռումբ կամ այլ պայթուցիկ սարք չէր հայտնաբերվել:
Հունիսի 3-ին, ժամը 10.05-ին, ԱԱԾ-ից ՀՀ ոստիկանությունում գրություն է ստացվել, ըստ որի՝ պարզվել է նշված ահազանգի հեղինակի ինքնությունը՝ Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ, անչափահաս Ս. Մելքոնյան:
Նյութերն ուղարկվել են ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին, հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայքը: