Հունիսի 8-ին ժամը 18:00-ից հետո Երևանի Սիրահարների այգին կվերածվի Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա տոնակատարության վայրի: Այս մասին հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի մամուլի ծառայությունը:
Ամեն տարի հունիսին Մեծ Բրիտանիայի դեսպանատները նշում են Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը:
«Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես այս օրը առիթ է ոչ միայն գործընկերների հետ Թագուհու կենացը խմելու, այլ նաև բարձրաձայնելու առկա խնդիրների, այս անգամ՝ հատուկ կարիքներով մարդկանց և պարալիմպիկ սպորտի մասին: Տոնակատարության շրջանակներում հատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող և իր էությամբ եզակի «Փարոս» կամերային երգչախումբը: Երգչախմբում ընդգրկված կատարողներից շատերը ունեն հաշմանդամություն, օգտվում են սայլակներից: «Փարոսը» ստեղծվել է 1993 թվականին, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնել Հայաստանի Պարալիմպիկ Կոմիտեի ֆոտոցուցահադեսը, որըկներկայացնի մեր պարալիմպիկների առօրյան ու սպորտային հաջողությունները», – ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ Միացյալ Թագավորության Թագուհի Էլիզաբեթ II-ը ծնվել է 1926թ. ապրիլի 21-ին, գահ է բարձրացել 1952 թվականի հունիսի 2-ին, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում` ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից։