Թիվ 76 երթուղին սպասարկող ընկերությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ քաղաքապետարանի որոշման, որի համաձայն` այս տարվա մայիսի 20-ից պետք է կասեցվեր այդ համարի երթուղայինի գործունեությունը: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը:
«Քանի դեռ գործը վարույթ է վերցված, այդ համարի երթուղայինի գործունեությունը չի կարելի կասեցնել»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ քաղաքապետարանում բողոքներ էին ստացվել, որ թիվ 76 երթուղին սպասարկող ընկերության վարորդների կողմից որպես փոխադրավարձ ուղևորներից երեկոյան ժամերին գանձվել է 200 դրամ: Երթուղին սպասարկող ընկերության տնօրենը հաստատել էր այդ փաստը, ինչը ընկերության և քաղաքապետարանի միջև կնքված պայմանագրի պարտավորության խախտում էր:
Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև իրականացված մոնիտորինգի արդյունքում արձանագրված մի շարք խախտումները` Երևանի քաղաքապետի որոշմամբ ս/թ. մայիսի 20-ից պետք է լուծված համարվեին նշված ընկերությունների հետ կնքված պայմանագրերը, և վերջիններս նույն օրվանից պետք է զրկվեին տվյալ երթուղիները սպասարկելու իրավունքից։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին 76 համարի երթուղին սպասարկող «Գազելը» խոշոր ավտովթարի էր ենթարկվել Արցախի պողոտայում, որի հետևանքով մահացել էր 4 մարդ: