«Մենք սպասում ենք գործող իշխանության` ի դեմս Սերժ Սարգսյանի դիրքորոշմանը, որից հետո գնահատականներ կտանք»,- պատասխանելով Epress.am-ի հարցին, թե ինչպես են ՀԱԿ-ում վերաբերվում Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի այսօրվա հայտարարությանը, ասել է Հայ Ազգային Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանը, այսօր պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության` իշխանության և Հայ Ազգային Կոնգրեսի երկխոսության մասին հարցին` հայտարարել էր.
«Երկխոսության սկսված լինելու փաստը պարզապես այնքան ակնհայտ է, որ դրա մասին խոսելն առնվազն տարակուսելի է: Ինչ վերաբերում է պատվիրակություն ձևավորելու և արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու առաջարկին, ապա այստեղ թե՛ առաջարկվող ձևաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են և, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի»: