Արդեն երկու օր է` բավական լարված վիճակ է Արմավիրի մարզի մի շարք գյուղերում, տեղեկացնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Երեք օր առաջ ուժեղ կարկուտից տուժած մի քանի գյուղերի բնակիչները` հիմնականում մարզկենտրոնին համեմատաբար մոտ գտնվող համայնքներից, երեկ գնացել էին մարզպետարան` տեղում մարզպետ Աշոտ Ղահրամանյանից պարզելու համար, թե ինչպես են իշխանությունները պատրաստվում իրենց օգնել, որպեսզի ստեղծված ծանր կացությունից դուրս գան:
Ըստ Ղահրամանյանի, մարզի 94 գյուղական համայնքներից տուժել են միայն հակակարկտային կայաններ չունեցող 22 գյուղերը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմավիրի մարզպետն ասել է, որ որոշ գյուղերում ոչնչացել է բերքի 100 տոկոսը, խաղողի բազմաթիվ այգիներ այլևս չեն վերականգնվի:
«Այս անգամվա կարկուտը էապես տարբերվում էր նախորդ դեպքերից: Կարկուտը ուժեղ` փոթորիկի պես քամով էր ուղեկցվում: Անգամ այն համայնքներում, որտեղ հակակարկտային կայանների շնորհիվ կարկուտից փրկվել են, այստեղ էլ ուժեղ քամին է վնասներ պատճառել: Ես այսքան տարվա ընթացքում նման կարգի կարկտահարություն չեմ տեսել»,- ասաց Արմավիրի մարզպետը:
Իսկ ինչ վերաբերվում է գյուղացիների զայրույթին և դժգոհություններին, մարզպետը դա բնական է համարում: Ըստ նրա, նախօրդ օրը, երբ ինքը և Սերգո Կարապետյանը այցելել են տուժած գյուղեր, իրավիճակն ավելի լարված է եղել:
Նաիրի համայնքի բնակիչները, երբ նախօրեին իմացել են, որ գյուղատնտեսության նախարարն իրենց մարզում է և տուժած գյուղերով է շրջում, նրա ուշադրությունը գրավելու համար որոշ ժամանակով փակել են Երևան-Արմավիր-Գյումրի մայրուղին: Սերգո Կարապետյանն և Արմավիրի մարզպետն ի վերջո ժամանել են Նաիրի և փորձել հանգստացնել գյուղացիներին: Բայց նրանց մոտ դա այդքան էլ չի ստացվել: Մասնավորապես, Նաիրիի բնակիչներից Պերճ Մարտիրոսյանը օրաթերթին զայրացած պատմել է նախարարի պահվածքի մասին: «Եկել, ասում է` խմել եք, դրա համար եք այդպես զայրացած խոսում: Ես ընդհանրապես ոչ խմում ոչ էլ անգամ ծխում եմ: Բայց վրդովված եմ, կարկուտը ողջ բերքս ոչնչացրել է, իրենք էլ ոչ մի հավատ չեն թողել: Չգիտեմ` ինչ պիտի անեմ: 8 հազար դոլարի վարկ ունեմ, վաղը ո՞նց պիտի փակեմ»,- զայրացած դժգոհել է Մարտիրոսյանը:
Ըստ Ղահրամանյանի, ՀՀ Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ ԿԲ նախագահին` նրան առաջարկելով կարկուտից տուժած գյուղերի բնակիչների վարկերը սառեցնել և մարդկանց հնարավորություն տալ, որ գումարները եկող տարի վերադարձնեն», – գրում է «Հայկական ժամանակը»: