Հայաստանում Ֆրանիսական համալսարանում քննությունների շեմը չի իջեցվելու, իսկ բանավոր քննությունները տեսաձայնագրվելու են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է համալսարանի ռեկտոր Ժուել լը Մորզելեկը:
Մորզելեկը, ինչպես նաև ասուլիսին ներկա համալսարանի արտաքին կապերի կրթական ծրագրերի համակարգման որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանը և վարչաֆինանսական տնօրեն Վաղարշակ Մեյրոյանը խոսել են համալսարանում իրականացվող բարեփոխումների մասին:
Լրագրողներին, սակայն, առավել հետաքրքրել է Ֆրանսիական համալսարանի հետ կապված աղմկահարույց պատմությունը, երբ համալսարանի 29 դասախոսներ աշխատանքից ազատվել էին աշխատանքային պայմանագրի ժամկետը ավարտվելու հիմքով, որից հետո դիմել էին դատարան:
Տիկին լը Մորզելեկը պարզաբանել է, որ դատարան դիմել են միայն մի քանի դասախոսներ, և վստահեցրել, որ համալսարանի ներսում անառողջ մթնոլորտ չկա:
«Դատարանի վճիռը եղավ, սակայն մենք դիմելու ենք վերաքննիչ դատարան, քանի որ համալսարանի մի շարք անձանց հասցեին հնչեցվել են վարկաբեկումներ էլետրոնային նամակների, ինչպես նաև մամուլի հրապարակումների միջոցով»,- նշել է ռեկտորը:
Ռեկտորի խոսքով` հեռացված դասախոսների` դատարան ներկայացրած որոշ փաստեր կեղծ են եղել, որը վերաքննիչ դատարան դիմելու պատճառներից մեկն է:
Ինչ վերաբերում է տիկին լը Մորզելեկի և Արայիկ Նավոյանի հրաժարականի պահանջին, որը ներկայացրել են թե մի շարք դասախոսներ, թե շրջանավարտներ, ռեկտորը նշել է, որ դա կարող են անել միայն Հայաստանի և Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչները. դասախոսները նման բան պահանջելու իրավունք չունեն: