ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ օպերատիվ խորհրդակցություն է հրավիրվել` Երևան քաղաքի Նուբարաշեն թաղամասի բնակիչների` խմելու ջրից թունավորվելու դեպքի առիթով:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է քրեական գործով իրականացված նախաքննության վիճակը, նշվել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են բոլոր տուժողներն ու բազմաթիվ վկաներ:
Նրանք իրենց ցուցմունքներում նշել են, որ 2011 թվականի հունիսի 1-3-ն ընկած ժամանակահատվածում, Նուբարաշենի թիվ 11 փողոցի տարածքում գտնվող շենքերի` իրենց բնակարաններում ջրամատակարարումը բացակայելու կամ ջրի ճնշումը թույլ լինելու պատճառով օգտվել են 3-րդ և 16-րդ շենքերի բակերում տեղակայված ցայտաղբյուրներից:
Այդ ցայտաղբյուրներից վերցված և պահեստավորված ջրերի նմուշներով նշանակվել են փորձաքննություններ, որոնք կատարման ընթացքում են: Գործի քննությամբ պարզվել է նաև, որ կան տուժած երեխաներ, որոնք ջուր չեն խմել, սակայն ծնողները նրանց լողացրել են, ինչպես նաև կան մարդիկ, ովքեր չեն դիմել բուժօգնության կամ դիմել են ապահովության համար, եւ թունավորման փաստը հերքվելուց հետո գնացել են տուն:
Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ Նուբարաշենի թիվ 11 փողոցի 16-րդ շենքի հարակից տարածքում գտնվող ներքին ցանցի խմելու ջրի ջրատար խողովակներից ջրի արտահոսք է եղել, որտեղ հողատարածքը մոտ 1 տարի է խոնավ է: Նշված տեղում ջրատար խողովակներն առգրավվել են` հետագա հետազոտման համար:
Բացի այդ, քրեական գործի նախաքննությամբ կատարվել են նաև դատավարական այլ գործողություններ` հանցագործությունը վերջնական բացահայտելու ու հանցագործության կատարման մեջ մեղավոր անձանց անհատականացնելու համար:
ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է տեղանքի բոլոր հնարավոր հատվածներից վերցնել փորձանմուշներ և ուղարկել համապատասխան փորձաքննության, ընդ որում` յուրաքանչյուր տեղից վերցնել երկու փորձանմուշ, որից մեկը համապատասխան պայմաններում պահել: