Հունիսի 9-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց տարածաշրջանային այցի շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին:
Զրույցի ընթացքում համանախագահները նախարարին ներկայացրեցին Բաքվում և Ստեփանակերտում իրենց ունեցած հանդիպումների արդյունքները՝ հույս հայտնելով, որ Կազանում կայանալիք առաջիկա գագաթաժողովին առաջընթաց կարձանագրվի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, և եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաների՝ անգամ Դովիլից հետո բանակցային գործընթացի էությունը աղավաղող կամ հորինված մանրամասներ ներկայացնող հայտարարությունները` խաղաղապահ ուժերի կամ այլ հարցերի մասին, վկայում են առաջարկություններին՝ առանց փոփոխությունների և լրացումների համաձայնություն տալու Բաքվի պատրաստակամության մասին, ինչի վերաբերյալ կոչ էին արել համանախագահները»:
Հանդիպմանը քննարկվեցին Կազանում կայանալիք եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, հայտնում են ԱԳՆ-ից: