«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը երկխոսությունը համարել է և համարում է խիստ վնասակար գործընթաց: Այս մասին այսօր նա հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
«Դրա պատճառով մեր ժողովրդի մոտ հուսալքության մեծ ալիք է բարձրացել, քանի որ հասարակությունը այս գործընթացը համարում է ընդդիմության կողմից պայքարից հրաժարումի գործընթաց», – ասել է Սեֆիլյանը:
Ըստ բանախոսի` Լևոն Տեր-Պետրոսյանը հուսահատական հայտարարություն է արել` ասելով, որ մեր երկրում իշխանափոխության ներուժ գոյություն չունի:
«Այս դեպքում հարց է առաջանում, թե նա ինչու մտավ ակտիվ քաղաքականություն և այս ռեժիմից ազատվելու հայտ ներկայացրեց»,- հարց է բարձրացրել Սեֆիլյանը:
Նա կարծիք է հայտնել, որ նախընտրական գործընթացները բավական վաղ են սկսվել և ներկայացրել դրա պատճառների սեփական վարկածը.
«Այս ամբողջ օպերացիան կարելի է անվանել հաջորդ նախագահական ընտրություններում վերանշանակվելու օպերացիա, խորհրդարանական ընտրություններն ածանցյալ են: Սերժ Սարգսյանը, երկար հետևելով գործընթացին, հաշվելով ընդդիմության ղեկավարի ատամները, հասկանալով, որ նա, բացի ընտրությունների միջոցով փոփոխություններից, այլ ճանապարհ չգիտի, սկսեց երկխոսել»,- ասել է Սեֆիլյանը:
Նա նշել է, որ այժմ, երբ Սերժ Սարգսյանը «քցել է» Կոնգրեսին, ՀԱԿ-ը շվարած է, չգիտի` ինչ ասի:
Սեֆիլյանը կոչ է արել ՀԱԿ համակիր մի քանի անհատ գործիչների չշարունակել գնալ Տեր-Պետրոսյանի հետևից, քանի որ, ըստ բանախոսի, նրանք «ևս կվարկաբեկվեն և «Սարդարապատ»> շարժումը կկորցնի լավ անհատների»:
Սեֆիլյանը հայտարարել է, որ «այժմ մենք ապրում ենք երրորդ հանրապետության վախճանի ժամանակաշրջանում, բայց մեր սերունդները տեսնելու են չորրորդի ծնունդը»: