Երեկ «Վարդաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակված քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանն այսօր այցելել էր Սարյանի պուրակ՝ հանդիպելով քաղաքական զբոսանքների մասնակիցների, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստների հետ:
Սարյանի արձանի մոտ Հացպանյանին ազատ արձակելու կապակցությամբ ելույթ է ունեցել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
«Սա ոչ միյան Սարգսին դիմավորելու օրն է, այլ այն օրն է, երբ Հայաստանում այս պահի դրությամբ չկան այլևս քաղբանտարկյալներ (այսօր ազատ է արձակվել վերջին քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանը – խմբ.):
Այսօր Հայաստանում շատ է հնչում հարցը՝ արդյո՞ք էլի քաղբանտարկյալներ կլինեն: Քաղբանտարկյալների լինելը բացառելու մի ճանապարհ կա. էս իշխանությունները, ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ քաղաքացին պատրաստ է լինել քաղբանտարկյալ, պատրաստ է կրել ցանկացած զրկանք, չհանդուրժել ապօրինությունը, չհանդուրժել բեսպրեդելը»,- ասել է Փաշինյանը:
Խոսելով Սարգիս Հացպանյանի Հայաստանում կացության իրավունք ստանալու մասին (Հացպանյանը Ֆրանսիայի քաղաքացի է – խմբ.)՝ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայ Ազգային Կոնգրեսի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 31-ի իր հանրահավաքի ելույթում հստակ արձանագրել է, որ Սարգիս Հացպանյանի Հայաստանում առնվազն քաղաքացիական կեցության հարցը ՀԱԿ-ի համար կարևոր օրակարգային հարց է և իրենք պետք է անեն իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի այդ խնդիրը կարգավորվի:
«Ես հույս ունեմ, որ իշխանությունը, այնուամենայնիվ, կհասկանա, որ իսկապես շատ դեպքերում պետք է արձանագրել, որ քաղաքացիությունն էդ անձնագիրը չի, քաղաքացիությունը գիտակցություն է և մենք համոզվել ենք, որ Սարգիսն այդ գիտակցությունն ունի Հայաստանի շատ ու շատ քաղաքացիներից առավել», – հայտարարել է Փաշինյանը:
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր ելությում նշել է, որ ՀՀ գլխավոր դատախազության մոտ ի պաշտպանություն քաղբանտարկյալների անցկացվող ավանդական ուրբաթօրյա ակցիաները դադարեցվում են, քանի որ 153 անգամ տեղի ունեցած ակցիաները տվեցին արդյունքը.
«Հայաստանում քաղբանտարկյալ չկա, 2011 թվականի հունիսի 10-ը վերջին օրն էր, երբ հայտարարեցինք քաղբանտարկյալ հասկացողության վերջը»:
Արամ Մանուկյանը նշել է, որ Կոնգրեսի հաջորդ հանրահավաքը կայանալու է հունիսի 30-ին, սակայն չի բացառել, որ ավելի շուտ ևս հնարավոր է հանրահավաք լինի: