ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի համար ամերիկացի ինժեներների կողմից կառուցված նոր ինքնաթիռը կկարողանա պաշտպանել երկրի առաջնորդին բոլոր հնարավոր և անհնարին աղետներից, այդ թվում` երկնաքարային անձրևից, միջուկային պատերազմից և անգամ «Դատաստանի օրվանից»:
Հատուկ E-4B ինքնաթիռը կարող է երկնքում մնալ մի քանի օր շարունակ առանց վերալիցքավորման: Այն ի վիճակի է ժամում մինչև 997 կմ արագություն զարգացնել, ինչը 65 կմ ժամով գերազանցում է սովորական մոդելների արագությունը: Բացի այդ, ինքնաթիռում երկրի և անգամ ԱՄՆ-ի ռազմական սուզանավերի հետ կապ պաշտպանող մշտական սարք է տեղադրված:
N1 ինքնաթիռի Կապիտան Սկոտ Ռայդերի խոսքով` իրենք օրական 24 ժամ, շաբաթը 7 օր, տարեկան 365 օր ռազմական պատրաստականության մեջ են գտնվում: Ինքնաթիռն ի վիճակի է օդ բարձրանալ հաշված րոպեների ընթացքում:
Ըստ կապիտանի` ինքնաթիռն ընդամենը մեկ թերություն ունի. այնտեղ չկան լողախցիկներ:
ԱՄՆ նախագահի ինքնաթիռի կառուցման համար կառավարության բյուջեից 223 միլիոն դոլար է հատկացվել: Ինչպես նշում է ABC հեռուստաալիքը, ինքնաթիռի վրա տարվող աշխատանքները սկսվել են 10 տարի առաջ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական իրադարձություններից հետո: