Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը որոշել է աշխատանքից ազատել Ազգային և երաժշտական գրադարանների տնօրեններին, գրում է «Հրապարակ» օրաթերթը:
«Նա ծանուցել է վերջիններիս, որ իրենց պայմանագրերի ժամկետն ավարտվում է հունիսի 17-ին, և այն չի երկարացվելու: Այս որոշումը, մասնավորապես, Ազգային գրադարանի աշխատակազմի համար շատ անսպասելի է եղել: Երբ փորձել են նախարարից հետաքրքրվել, թե ինչն է պատճառը, նա շռայլ գովեստներ է տեղացել «Դավիթ Սարգսյան անձի» մասին, սակայն նշել է, որ «դժգոհ է նրա գրադարանային գործունեությունից», ինչին գրադարանը պատասխանել է`բա մենք ինչքա~ն դժգոհ ենք Ձեր գործունեությունից, և որոշել են մինչև վերջ պայքարել ու հասնել նրան, որ ոչ թե իրենց տնօրենը , այլ բոլորին հոգնեցրած նախարարը հեռանա: Դավիթ Սարգսյանը 13 տարի աշխատում է Ազգային գրադարանում, իսկ 2006-ից տնօրենն է, 2009-ին ատեստացիա է անցել, որևէ խախտում իր պաշտոնավարման ընթացքում թույլ չի տվել: Ասում են, նա ևս տարակուսած է այս որոշումից և մոտ օրերս պատրաստվում է արտահայտվել ու իր իրավունքները պաշտպանել»: