Նեապոլում` ուղիղ ոստիկանական բաժանմունքի մուտքի մոտ, երկու երիտասարդ տղամարդիկ մի քանի վայրկյան կրքոտ համբույրով են փոխանակվել:
Ինչպես գրում է The Independent-ը, անցորդների բերանները զարմանքից բաց էին մնացել, իսկ լուսանկարիչները ինքնամոռաց ֆիքսում էին այդ պահը: Շրթունքները բաժանվել են միայն այն ժամանակ, երբ ոստիկանները բռնել են տղամարդկանցից մեկին և մեքենայի մեջ նստեցրել:
Տղամարդիկ սիրեկաններ չէին, այլ հանցավոր խմբավորման անդամներ: Կամորա խմբավորման անդամների համար շրթունքների համբույրը խորհրդանշում է այն, որ խմբավորման ձերբակալված անդամը լռելու է:
Ձերբակալվածը` 27-ամյա Դանիել Դ’Անյեզեն, ով բարձր դիրք է զբաղեցնում կլանում, լուսանկարչական սարքի օբյեկտիվի առջև համբուրվել է ավելի երիտասարդ երկու համակիրների հետ: Դա խմբավորման առավել թույլ անդամների համար արված նշան էր` «Մենք միասնական ենք մնում, մենք վերահսկելու ենք նախկին տարածքը և ինչ էլ որ պատահի ձեզ չեն լքի»:
Հոգեբույժ և փորձագետ Կորադո դե Ռոզան հակված է կարծելու, որ Դ’Անյեզեն այդ համբույրով խոստացել է բոլորին լռել հարցաքննության ժամանակ:
Այդ համբույրները միաժամանակ ցուցադրում են երկու իտալական մաֆիաների` ավելի լիբերալ Կամորայի և պահպանողական սիցիլիական «Կոզա Նոստրա»-ի միջև առկա հսկայական տարբերությունները: Սիցիլիական մաֆիան տարբերվում ծայրահեղ հոմոֆոբիայով: Ի տարբերություն դրան, Կամորան ավելի ազատական է և ժամանակակից: Կամորիստների համար միևնույն է` ինչ կմտածեն մարդիկ: Նրանց համար կարևոր է շարունակել գործունեությունը և շահ ստանալ, նկատել է հոգեբույժը: 2009 թվականին ոստիկանությունը ձերբակալել է տրանսսեքսուալ Ուգո Գաբրիելին, ով մեղադրվում է Կամորայի կազմում թմրանյութերի իրացման մեջ:
Պարբերականը պարզել է, որ «Կոզա-Նոստրան» համբույրի մեջ նույնպես հատուկ իմաստ է դնում. «Եթե «Կոզա-Նոստրայի» անդամը համբուրում է Ձեր շուրթերը, դա նշանակում է, որ Ձեզ կսպանեն»: Այտին տված համբույրը նշանակում է, որ նրանք կվերաբերվեն Ձեզ որպես հավասարը հավասարին: Մաֆիոզիի ձեռքը համբուրելը հավասարազոր է ստորաքարշությանը, որը շեֆին հաճոյանալու միջոց է: