Երեկ Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» հարձակվող Յուրա Մովսիսյանն արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեց:
«Կրասնոդարը» մրցակցի հարկի տակ մրցում էր «Ռոստովի» հետ: Հանդիպման մեկնարկում «Ռոստովն» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն դեռևս առաջին խաղակեսում «Կրասնոդարը» հավասարեցրեց հաշիվը: Գոլում իր ակտիվ մասնակցությունն ունեցավ Մովսիսյանը. նա տուգանային հրապարակում օդային մենամարտում հաղթող դուրս եկավ և գլխով փոխանցում կատարեց Տատարչուկին, ով մոտ տարածությունից գրավեց անպաշտպան դարպասը:
Երկրորդ խաղակեսի արդեն իսկ առաջին րոպեին Մովսիսյանն ինքը աչքի ընկավ: Փոխանցում ստանալով կենտրոնական գոտուց` նա ներխուժեց տուգանային հրապարակ և մոտ 16 մետրից ուժեղ հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Ինչպես հետագայում պարզվեց, այս գոլը հաղթական դարձավ: «Կրասնոդարը» հետագայում ամրապնդեց առավելությունը. հեռու տարածությունից երրորդ գնդակը խփեց Մարսիո Աբրեուն:
3:1 հաշվով հաղթանակից հետո «Կրասնոդարն» առաջադիմեց մրցաշարային աղյուսակում և այժմ գտնվում է 9-րդ տեղում:
Անդրադառնալով Մովսիսյանի խաղին` հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականի հարձակվողն իր լավագույն հանդիպումն անցկացրեց «Կրասնոդարի» կազմում: Նա վերջնականապես վերականգնվել է վնասվածքից, և այժմ պատրաստ է դառնալ իր թիմի հարձակման առաջատարը: Մովսիսյանի նման խաղը համընկավ այն զրույցների հետ, որոնք մեկնարկել էին Ռուսաստան-Հայաստան խաղից հետո. այն է, որ Մովսիսյանով հետաքրքրվում է Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: