Արտասահմանից Հայաստան ներմուծվող տրանսպորտային միջոցները հենց սահմանային անցակետերում անցնում են պարտադիր ապահովագրման ընթացակարգերով, հենց անցակետում մեքենայի դիմապակուն փակցնում են ԱՊՊԱ կտրոնը, գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթը:
«Մաքսակետերում երկու ընկերության է տրված այդ մենաշնորհը` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությանը և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Նշվածներից առաջին ընկերությունը պատկանում է Հայաստանում խոշոր օլիգարխի համարում ունեցող Ռոբերտ Քոչարյանին, իսկ ավելի որոշակի` նրա որդուն` Սեդրակ Քոչարյանին: Երկրորդ ընկերության անունը կապվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Խոսակցություններ կան, որ այս ընկերության իրական սեփականատերը հենց Տիգրան Սարգսյանն է:
Վերջերս խոսակցություններ են շրջանառվում, որ մաքսակետերում այլևս գործունեություն է ծավալում միայն վարչապետի կանտորան` «Ինգո Արմենիան», իսկ Քոչարյաններին պատկանող «Նաիրի Ինշուրանսը» հայտնվել է լուսանցքային վիճակում:
Թերթի տեղեկություններով` առաջիկայում չի բացառվում, որ «Նաիրի Ինշուրանսը» ընդհանրապես դադարեցնի մաքսակետերի մասով իր գործունեությունը»: