«Эхо Москвы» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը «Տիպիկ դեպք» հաղորդման շրջանակներում կրկին անդրադարձել է վերջերս ռադիոկայանի խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանին` Լեռնային Ղարաբաղ կատարած այցելության պատճառով Ադրբեջանում «պերսոնա նոն-գրատա» հայտարարելու մասին հարցին` այս անգամ մեղադրելով ադրբեջանցի լրագրողներին:
«Պետք է նշեմ, որ ղարաբաղյան այցելության համար մեր վրա հիմնականում հարձակում են գործում ոչ թե Ադրբեջանի ԱԳ նախարարությունը, կամ Ադրբեջանի նախագահի աշխատակազմը, կամ էլ Ադրբեջանի դեսպանատունը, այլ` լրագրող գործընկերները: Ընկերներ, խելքներդ թռցրե՞լ եք: Դա ձեր աշխատա՞նքն է: Ձեր գործը պետության տուզիկը լինելն է: Ձեր աշխատանքը չինովնիկների գործն անե՞լն է: Այդ դեպքում չե՞ք ուզում փոխել ձեր աշխատանքի բնույթը: Պետք չէ մեզ սովորեցնել:
Ի դեպ, անմիջապես ուզում եմ ասել, որ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել Ադրբեջանի իշխանությունների և ներկայացուցչության հետ, և, իհարկե, այն ողջ հիմարությունը, որ մեր շուրջ պտտվում էր, ոչ մի կապ չուներ ոչ նախագահի, ոչ վարչապետի, ոչ աշխատակազմի ղեկավարի, ոչ ԱԳ նախարարի, ոչ դեսպանի հետ: Եվ կարծում եմ` ձեզ չի զարմացնի, եթե մոտակա ժամանակներս մենք`«Эхо Москвы»-ն, լուսաբանենք Ադրբեջանի շուրջ ծավալվող իրադարձությունները հենց Ադրբեջանի ներսից, և մեկնելով այնտեղ` Ադրբեջան, Բաքու: Եթե պետք լինի, կրկին Ղարաբաղ: Եվ մեր գործընկեր լրագրողներին մենք չենք հարցնի: Պետք է, որ այս ամենը հասկանալի լինի: Եթե դուք ձեր պետության թուլաների դերն եք կատարում, դա ձեր խնդիրն է: Ինքներդ զբաղվեք դրանով , բայց առանց մեզ»,- հայտարարել է Վենեդիկտովը: