Home / Հայաստան / Ընտրություններ Թուրքիայում. Էրդողանը հաղթեց, բայց պարտվեց

Ընտրություններ Թուրքիայում. Էրդողանը հաղթեց, բայց պարտվեց

Թուրքիայում երեկ կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP):

Երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաշվարկել է ձայների 99 տոկոսը, որի արդյունքում պարզվել է, որ AKP-ն հավաքել է 49,83 տոկոս: Երկրորդ տեղում է Հանրապետական Ժողովրդական կուսակցությունը (CHP), որը հավաքել է 25,97 տոկոս: Երրորդ տեղում է ազգայնական «Ազգային շարժում» կուսակցությունը (MHP), որը ստացել է ձայների 13,01 տոկոսը:

Բացի վերոնշյալ երեք կուսակցություններից, խորհրդարան են անցել նաև, այսպես կոչված, անկախները` անկախ պատգամավորների խումբ, որոնց աջակցում է քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը:

Եվրոխորհրդարանի, Մեծ Բրիտանիայի և Հունաստանի ներկայացուցիչներն արդեն իսկ շնորհավորել են AKP-ի առաջնորդ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սակայն վերջինիս համար այս ընտրությունները ավելի շատ պարտության էին նման:

Այս ընտրություններում AKP-ի հիմնական նպատակն էր շահել ընտրողների ձայների 2/3-ը, որպեսզի հնարավորություն ունենալ խորհրդարանում ներկայացված լինել 367 պատգամավորով: Դա հնարավորություն կտար իշխող կուսակցությանն առանց հանրաքվեի փոխել 1982 թվականի Սահմանադրությունը և Թուրքիան դարձնել նախագահական պետություն: Ձայների 99,8 տոկոսի հաշվարկից հետո պարզ է դարձել, որ Էրդողանի կուսակցությունը խորհրդարանում կունենա 326 տեղ, որը 8-ով պակաս է, քան ուներ AKP-ն մինչ ընտրությունները: Վերջնահաշվարկի արդյունքում կարող են աննշան փոփոխություններ լինել, այնպես որ արդեն պարզ է, որ ցանկալի 367 տեղը Էրդողանի կուսակցությունը չի ստանա:

Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, ընդդիմադիր CHP-ն մինչ ընտրությունները 550 տեղանոց խորհրդարանում ներկայացված էր 101 պատգամավորով, իսկ այժմ կունենա 135 պատգամավոր:

MHP-ն նոր խորհրդարանում ներկայացված կլինի 53 պատգամավորով, իսկ «անկախները» կստանան 36 տեղ: