Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ կայացած խորհրդարանական ընտրություններին հիմնականում քվեարկել են անկախ պատգամավորների օգտին: Epress.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել IMC հեռուստաընկերության ծրագրերի համակարգող Արիս Նալջին:
Նրա խոսքով` Ստամբուլում հայերը, մասնավորապես, մեծ թվով ձայներ են տվել անկախ թեկնածու Լեվենտ Թուզելին, ով ընտրվել է` հավաքելով 135 000 ձայն, ինչպես նաև գրող, ռեժիսոր Սիրի Սուրեյա Օնդերին, ով նույնպես պատգամավորական տեղ է ստացել` հավաքելով 119 000 ձայն:
Մերսին քաղաքում ընտրվել է անկախ թեկնածու Էրտուղրուլ Քուրքչուն, ով սերտ համագործակցում է տեղի հայ համայնքի հետ:
Նշենք, որ 2011-ի ընտրություններին ներկայացված անկախ պատգամավորներին աջակցում է քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» (BDP) կուսակցությունը:
«Այս անգամ հայերն ավելի ակտիվ են քվեարկել քրդամետ գործիչների օգտին, որովհետև գոնե պաշտոնապես նրանք չէին ներկայացնում BDP-ն, նրանց անվան առջև գրված է եղել անկախ: Եթե ընտրություններին ներկայացված լիներ BDP-ն, ապա հայերը կվախենային աջակցել նրանց: Կարծում եմ` հայ համայնքի շատ ներկայացուցիչներ չեն ցանկանում իրենց կապել քրդերի հետ», – ասել է Արիս Նալջին:
Նա նշել է, որ ընտրված անկախ թեկնածուներից ոմանք արդեն իսկ հայտարարել են փոքրամասնություններին աջակցելու պատրաստակամության մասին: Մասնավորապես, Օնդերը ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ` նշելով, որ ինքը կլինի բոլոր փոքրամասնությունների ձայնը:
«Այս ընտրություններին, չնայած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել է, բայց բոլորի ուշադրության կենտրոնում էին քրդամետ թեկնածուները: Նրանք խորհրդարանում 36 տեղ են ստացել, դա ռեկորդ է», – հավելել է Արիս Նալջին: