Մայիսի 31-ին Սյունիքի ոստիկանության Գորիսի բաժին Վ.Գ.-ն հաղորդում է տվել, որ իր ամուսինը՝ 45-ամյա Վ.Տ.-ն, սեռական հարաբերություն է ունեցել դստեր՝ 14-ամյա Ա.Տ.-ի հետ, որի պատճառով վերջինս հղիացել է:
Այս իրադարձությունը լայն արձագանք է գտել Գորիսում: Հունիսի 10-ին դեպքին անդրադարձել է Գորիսի լրագրողների «Շառավիղ» ակումբը:
«Բուժզննության արդյունքում, երբ պարզվել է, որ 14-ամյա դեռահաս աղջիկը հղի է, ջրի երես է դուրս եկել նաև փաստը, որ սեփական հայրը ամիսներ շարունակ նրան ենթարկել է ֆիզիկական ու սեռական բռնության: Այս մասին աղջիկը պատմել է մորը, երբ վերջինս հարցրել է` ով է երեխայի հայրը: Վերջին ամիսներին տեղի ունեցող ծեծի, բռնությունների արդյունքում աղջկա վարքագծում տարօրինակ փոփոխություններ են նկատվել, կապտուկների պատճառով հաճախ է դպրոցից բացակայել», – գրում է ակումբի բլոգում տպագրված հոդվածի հեղինակ Իրինա Յոլյանը:
Հոդվածագիրը նշում է, որ բռնաբարության մեջ մեղադրվող հայրը նախկինում դատապարտված է եղել սպանության համար:
«Պարզից էլ պարզ է, որ նման իրավիճակում հայտնված երեխայի համար բնականոն կյանքով ապրելն անհնարին է: Մինչև անցյալ ամառ աղջիկն ունեցել է նորմալ վարքագիծ, նրան ճանաչողների խոսքերով, խելացի երեխա էր, ով սովորականի պես շփվում էր ընկերների հետ, օգնում մորը կենցաղային տարբեր հարցերում:
Բարեբախտաբար եղան նաև մարդիկ, ովքեր պատրաստ էին օգնության ձեռք մեկնել նրանց: Ծանր դեպքի բացահայտումից հետո աղջկան աջակցելու պատասխանատվությունը ստանձնել է Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը: Կազմակերպությունը տրամադրել է անհրաժեշտ միջոցներ և աջակցել աղջնակին ու մորը Երևան տեղափոխվելու համար»,- նշում է հոդվածագիրը:
Այժմ նրանց համապատասխան օգնություն է ցուցաբերում Երևանի «Կանանց Ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն: Կենտրոնի փաստաբանն ու հոգեբանը աշխատում են աղջկա հետ: Երեխան առայժմ հիվանդանոցում է, կկատարվի դատագենետիկական փորձաքննություն, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա կտեղափոխվի Հայ օգնության ֆոնդ: