Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է հաջող ելույթ ունենալ Ռուսաստանի առաջնությունում: Նախորդ՝ 12-րդ տուրում Մովսիսյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել. այսօր նա կրկնեց այդ ցուցանիշը:
13-րդ տուրում Մովսիսյանի «Կրասնոդարն» ընդունել էր Նիժնի Նովգորոդի «Վոլգային»: Արդեն 3-րդ րոպեին Հայաստանի հավաքականի հարձակվողը ձախ եզրից տեղաշարժվեց կենտրոն և մոտ 20 մետրից գրավեց մրցակցի դարպասի ձախ ներքևի անկյունը: «Վոլգան» հավասարեցրեց հաշիվը 16-րդ րոպեին, սակայն առաջին խաղակեսի վերջում Մովսիսյանը հետ փոխանցում կատարեց Կուլչիին, իսկ վերջինս հիանալի հարված կատարեց՝ 2:1:
Երկրորդ խաղակեսը նույն հաշվով ավարտվեց. «Կրասնոդարի» կազմում երկու գոլի հեղինակ դարձավ բրազիլացի Ժոաոզինյոն:
Հարկ է նշել, որ Հայաստանի հավաքականի հարձակվողը «Վոլգայի» հետ խաղում ոչ միայն աչքի ընկավ գոլով և գոլային փոխանցմամբ, այլ նաև հիանալի խաղով: Դաշտում անցկացրած 76 րոպեների ընթացքում նա անընդհատ լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին, անհատական անցումներ կատարում, որոնք ավարտում էր վտանագավոր հարվածներով: Մովսիսյանը դաշտում շահեկանորեն աչքի էր ընկնում իր բարձր խաղամակարդակով: Մովսիսյանն այս մրցաշրջանում իր թիմի կազմում 8 ոչ ամբողջական խաղ է անցկացրել (335 րոպե)՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
4:2 հաշվով հաղթանակից հետո «Կրասնոդարը» հավաքել է 17 միավոր և ընթանում է 9-րդ տեղում: