Home / Հայաստան / Հայերն այս տարի կրկին նախընտրելու են Անթալիան

Հայերն այս տարի կրկին նախընտրելու են Անթալիան

Անցյալ տարի կառավարական մակարդակով ընդգծված քարոզչություն էր գնում Անթալիայի դեմ. այն հայերին, որոնք նախընտրում էին Թուրքիայի բյուջեն լցնել, ազգի դավաճաններ ու թշնամիներ էին կոչում, սակայն կյանքը ցույց տվեց, որ 50 հազար հայ զբոսաշրջիկներ էլի նախապատվությունը տվեց Անթալիային,գրում է «Առավոտ» օրաթերթը:

Հոդվածում նշվում է, որ այս տարի, եթե Վրաստանը գները նորից թանկացնի, իսկ Եգիպտոսի, Բուլղարիայի, Իսպանիայի ու Արաբական էմիրությունների առաջարկները մատչելի չլինեն, հայ տուրիստների մեծ մասը հանգստանալու է մեկնելու Թուրքիայի առողջարանային քաղաքներ ու հանգստյան գոտիներ: Պարբերականի հետ զրույցում «Ճանապարհորդի ակումբ» տուրիստական հ/կ-ի նախագահ Արմեն Երանոսյանը նույնպես կարծիք է հայտնել, որ այս տարի Անթալիա մեկնողների թիվը չի պակասի. «Տուրգործակալություններն արդեն սկսել են իրենց գրավիչ գովազդները, իսկ դա մեծ ուժ է և խթանում է, որ հայերը հանգստանալու գնան Թուրքիա»:

Օրաթերթը ընդգծում է նաև այն փաստը, որ Անթալիայից բացի, մեծ պահանջարկ կա նաև Թուրքիայի Բոդրում հանգստավայրի նկատմամբ, ուստի որքան էլ ջանան մեր պետական այրերը, այս շրջանում հայերը բավականին խոշոր մուտք են կատարելու Թուրքիայի բյուջե: