Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով` «անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ»:
Նման հայտարարություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն արեց երեքշաբթի օրը` Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտի հետ հրավիրած համատեղ ասուլիսի ժամանակ:
Հունիսի 8-ին Ստեփանակերտում ընդունելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն ընդգծել էր, թե առանց բանակցությունների բոլոր փուլերին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնարին է ակնկալել որեւէ բեկում հակամարտության կարգավորման գործընթացում:
Երեքշաբթի օրը ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողներից մեկի հարցին` Հայաստանի արտգործնախարարը, մասնավորապես, նշեց. «Նախ և առաջ ասեմ, որ ես լիովին համամիտ եմ նախագահ Բակո Սահակյանի ասածին` անհնար կլինի անցնել երկրորդ փուլին, եթե Ղարաբաղի կողմից համաձայնություն չլինի հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Իսկ երկրորդ փուլը նախատեսում է մշակել, պատրաստել կարգավորման պայմանագիրը. այդ բանակցություններին, միանշանակ, Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակից լինի»:
Նալբանդյանը այնուհետեւ ընդգծեց. «Մեզ համար հիմնաքարը խաղաղ կարգավորման այն է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն է տերը իր ճակատագրի»:
Այն հարցին, թե քանի որ խոսվեց «երկրորդ փուլի» մասին, արդյոք Կազանում առաջին փուլի ավարտ է ակնկալվում, Հայաստանի արտգործնախարարը ասաց, թե առաջին փուլը կարելի է համարել ավարտված միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղը նույնպես համաձայնություն տա հիմնարար սկզբունքների վերաբերյալ:
Հայաստանի արտգործնախարարին նաև հարց ուղղվեց, թե ինչ ակնկալիքներ ունի հունիսի 25-ին Կազանում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով հանդիպումից:
«Գիտեք, որ մենք` արտգործնախարարությունը հաղորդագրություն էր տարածել վերջին` Մոսկվայում կայացած եռակողմ նախարարների մակարդակով հանդիպումից հետո, որտեղ ասվում էր, որ կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները մի շարք առանցքային հարցերի շուրջ, եւ եթե այս դրական միտումը պահպանվի նաեւ Կազանում, ապա կկարողանանք առաջընթաց արձանագրել», – Նալբանդյանի խոսքերն է փոխանցում «Ազատություն» ռադիոկայանի կայքը:
Ղարաբաղյան հարցի հետ կապված խոսեց նաև Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը:
«Կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը` մեր աջակցությունը հայտնելու Լեռնային Ղարաբաղում հակամարտության խաղաղ կարգավորմանը, որն իրապես այլընտրանք չունի, ինչպես նաեւ հույս հայտնելու, որ հակամարտության լուծմանն ուղղված ցանկացած հնարավորություն կօգտագործվի: Հույս ունեմ, որ դա կլինի ոչ հեռավոր ապագայում», – ասաց Շվեդիայի արտգործնախարարն ու մանրամասնեց. – «Հակամարտության խաղաղ լուծմանն այլընտրանք չկա, եւ դա նշանակում է երկու կողմերի փոխզիջում, քանի որ առաջ գնալը պահանջում է փոխզիջումներ: Այլընտրանքային գինը խաղաղությունն է»: