Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խմբի (ԱԽ) երեք անդամներ` Մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը, Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը և «Աուդիո-վիզուալ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արզուման Հարությունյանը մտահոգություն են հայտնել ԱԽ-ի կողմից վերամշակված և 2011 թվականի մայիսի 31-ին Ազգային ժողով ուղարկված «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկա խմբագրության վերաբերյալ` այն համարելով անկատար, իսկ աշխատանքների ավարտը՝ վաղաժամ։
«Նախագծում կան խորը քննարկման ենթակա մի շարք կարևոր հարցեր, որոնք անհրաժեշտ վերլուծության չեն ենթարկվել։ Ամբողջովին ու մանրամասնորեն հաշվի չեն առնվել մասնագետների առաջարկությունները, այդ թվում` Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ ի փորձագետների դիտողությունները։ Այս իրավիճակը կասկածի տակ է դնում աշխատանքների սկզբնական ևւ առանցքային նպատակը՝ նպաստել, որ ՀՀ Ազգային ժողովը որակյալ օրենք ընդունի։
Հայտնում ենք, որ մենք՝ որպես Նախագծի սկզբնական տարբերակի համահեղինակներ, շարունակում ենք օրենքի լրամշակման աշխատանքները, նպատակ ունենալով այն հետագայում առանձին փաթեթով ներկայացնել ՀՀ Ազգային ժողով: Հաշվի առնելով այս հանգամանքը, խնդրում ենք ԱԺ մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովին հետաձգել նախագծի հնարավոր քննարկումները», – ասված է ԱԽ-ի վերոնշյալ երեք անդամների կողմից տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացը կարգավորող օրենսդրական բարեփոխումների հարցով աշխատանքային խումբը ձևավորվել էր 2010 թվականի հոկտեմբերին Մարդու իրավունքների պաշտպանի կողմից:
Խմբի կազմում, բացի վերոնշյալ երեք անդամներից, ընգրկված են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստաեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ գլխավոր տնօրեն Աշոտ Սիմոնյանը, Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետ Արտակ Սարգսյանը, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ Ալեքսան Առաքելյանը, Հանրային խորհրդի անդամ Արմեն Տեր-Տաճատյանը, «Արմենթել» ՓԲԸ-ի իրավաբանական տնօրեն Դավիթ Սանդուխչյանը:
Լուսանկարը` abalabanyan.wordpress.com