ՀՀ ԱԺ-ն լուծարելու հիմքերը նախատեսող`Սահմանադրության 74.1 հոդվածը որևէ ժամկետային սահմանափակում չի նախատեսում, և համապատասխան հիմքի առկայության դեպքում ոչ ոք չի կարող պնդել, թե այն կարող է կիրառվել որևէ կոնկրետ ժամկետում: Այս մասին «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակցին հայտնել է ՀՀ ՍԴ իրավախորհրդատվական վարչության պետ Լիանա Հակոբյանը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ավելի վաղ պարբերականի թղթակցի հետ զրույցում պնդել էր, թե ԱԺ-ն լուծարելու հիմքերի առաջացման դեպքում լուծարումը պետք է տեղի ունենա անմիջապես:
Ըստ Հակոբյանի, սակայն, ԱԺ-ի լուծարման հիմքի օգտագործելը նախագահի, իրավունքն է, և ժամկետային սահմանափակում ՀՀ Սահմանադրությունը չի նախատեսում:
Նշենք, որ ՀՀ ԱԺ-ն ցրելու հիմքը առկա է դեռևս անցած տարվա դեկտեմբերի 10-ից, երբ պարզվեց, որ ԱԺ-ն երեք ամիս շարունակ չի քննարկել աղբահանության սակագնի թանկացման մասին ՀՀ կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրենսդրական փաթեթը: Ուստի վերը թվարկված պաշտոնյաները ցանկացած պահի կարող են սկսել ԱԺ լուծարման գործընթացը: