Այսօր Երևանի Սարյան փողոցում գտնվող «Բյուրոկրատ» գրախանութում տեղի է ունեցել գրող, հրապարակախոս Մարինե Պետրոսյանի երկու գրքերի շնորհանդեսը. առաջինը՝ «Սալաթ` կրակոցներո՝վ» բանաստեղծությունների ժողովածուն, երկրորդը՝ «Կարմիր աֆիշ» հոդվածների ժողովածուն:
Epress.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշել է, որ իր բանաստեղծությունների ժողովածուն նախորդներից տարբերվում է իր յուրահատուկ հուզականությամբ:
«Ես զգացի, որ այս բանաստեղծություններս ավելի լավ են ապահովում ընթերցողի հետ կապը, դրանք ավելի հուզական են, իսկ նախորդները այդքան էլ շատ ընթերցողին հրապուրող չէին: Բանաստեղծություններում ավելի շատ է կյանքի հետ կապը, կան նաև անձնական և քաղաքական բանաստեղծություններ»,- ներկայացրել է գրողը:
Խոսելով «Կարմիր աֆիշ»-ի մասին՝ Պետրոսյանն ասել է, որ գրքում զետեղված հոդվածները շատ հստակ ցույց են տալիս իր քաղաքական հայացքների փոփոխությունը և բացատրում են` ինչու:
«Շատերը հարց են տալիս, թե ինչու կատարվեց այդ փոփոխությունը, քանի որ ես սկզբում «Հայկական ժամանակ»-ում էի գրում և պաշտպանում Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետը, այնուհետև ես դարձա Տեր-Պետրոսյանի սուր քննադատներից մեկը: Այս գրքով ես հստակ ցույց եմ տալիս, թե ինչպես ես սկսեցի քաղաքական թեմաներով գրել, ինչի համար ես պաշտպանեցի Տեր-Պետրոսյանին և ինչու սկսեցի քննադատել: Ինձ թվում ա` իմ հայացքները չեն փոխվել, փոխվել ա իմ ակնկալիքը, չի արդարացել իմ ակնկալիքը, և գրքում շատ պարզ դա երևում»,- ասել է մեր զրուցակիցը:
Անդրադառնալով ներքաղաքական գործընթացներին` Պետրոսյանը նշել է, որ իրեն շատ ուրախացրել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը, որի նախագահն է ՀՀՇ վարչության փոխնախագահի պաշտոնը մեկ տարի առաջ լքած Խաչատուր Քոքոբելյանը և որին արդեն անդամագրվել է ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:
«Ես կարծում եմ, որ այս ուժը մեծ ապագա ունի», – ասել է Պետրոսյանը:
Գրքերի շնորհանդեսին, բացի արվեստագետներից, գրողներից, ներկա էին նաև քաղաքական գործիչներ` ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը և «Առցանց Ազատականների Ալյանս» կազմակերպության նախաձեռնող Կարապետ Ռուբինյանը:
Epress.am-ի հարցին, թե ինչով է պայմանավորված նրանց ներկայությունը շնորհանդեսին, Ալեքսանդր Արզումանյանն ասել է.
«Գիրք գնելու կուլտուրան վերականգնվում է Հայաստանում, ինչը շատ կարևոր է»:
Կարապետ Ռուբիանյանը նշել է, որ կյանքում ինքը հեռու է գրականությունից:
«Բայց Facebook-ում երբ ինչ-որ բաներ դնում են, հղումներ են անում, աշխատում եմ կարդալ: Նրանք, ովքեր ակտիվորեն աշխատում են համացնացում, կարծում եմ, որ ճիշտ են անում. մեկ-մեկ էլ վեր են կենում, գալիս են գիրք գնելու: Ես ու պարոն Արզումանյանն արձագանքել ենք հենց էդպիսի ֆեյսբուքյան հրավերի»,- ասել է Կարապետ Ռուբինյանը: