Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը պատգամավորական հարցումներ է ուղարկել ՀՀ գործող նախագահ, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ վարչապետ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին:
ԱԺ պատգամավորը, մասնավորապես, հետևյալ հարցն է ուղղել Սերժ Սարգսյանին.
«Չեք կարծում, որ 2011 թվականի հունվարի 29-ին Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահի ընտրության ժամանակ միայն Ձեր թեկնածության առաջադրումը և Ձեր ընտրվելը փաստում է ավտորիտար ռեժիմներին բնորոշ ղեկավարման մասին և վարկաբեկում է Երևանի պետական համալսարանի ինքնավար կառավարման սկզբունքը»:
Փոստանջյանին հետաքրքրել է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը համադրում Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները Երևանի պետական համալսարանի խորհրդի նախագահի պարտականությունների հետ:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դուք 2008 թվականի կեղծված ընտրություններից հետո ստանձնեցիք ՀՀ նախագահի պաշտոնը` լայն հասարակության շրջանում զանգվածային ընդվզման պայմաններում, տասը զոհերի, բազմաթիվ վիրավորների և քաղբանտարկյալների առկայության դեպքում, արտակարգ դրություն հայտարարելուց հետո (որի ժամանակ ապօրինի օգտագործվեցին ՀՀ զինված ուժերը), ինչպես նաև Ձեր կողմից գործադիր իշխանության ղեկավարման ձախողումը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ և Ձեր սերը բարձրագույն կրթության ղեկավարման ոլորտում, ժամանակը չէ՞ կատարել ընտրություն` հրաժեշտ տալ ՀՀ նախագահի պաշտոնին` հօգուտ բարձրագույն կրթության», – ՀՀ նախագահին ուղղված իր հարցումն այսպես է ավարտել Զարուհի Փոստանջյանը:
Պաշտոններին հրաժեշտ տալու և բարձրագույն կրթության ոլորտն ընտրելու առաջարկը Փոստանջյանն արել է նաև Տիգրան Սարգսյանին և Հովիկ Աբրահամյանին: