«ОПИН» ընկերությանը պատկանող Արկադի Ռայկինի անվան առևտրի և զվարճանքների կենտրոնը կարող է դառնալ ռուսաստանյան գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր» գրուպ ընկերության սեփականությունը, հայտնում է РБК daily-ն:
Հաշվի առնելով կառուցապատման աշխատանքների համար անհրաժեշտ ներդրումների չափը` նոր օբյեկտը Կարապետյանի համար կարող է 180 մլն դոլար արժենալ:
РБК daily-ի փոխանցմամբ`գործարքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են, որ առևտրի և զվարճանքների կենտրոնի վաճառքի մասին բանակցություններ են տարվում հենց հայազգի գործարարին պատկանող «Տաշիր» գրուպի հետ, որին միաժամանակ պատկանում է «Ռիո» առևտրի կենտրոնների ցանցը, «Երևան Պլազա» համալիրը և Մոսկվայի «Եվրոպարկը»:
Ա.Ռայկինի անվան Առևտրի և զվարճանքների կենտրոնը համարվում է Մոսկվայի ամենաերկար կառուցվող շինություններից մեկը: «Տաշիրը» ստիպված կլինի մեծ գումարներ ծախսել համալիրի կառուցումը վերջնական վիճակի հասցնելու համար: Առևտրային մասի ստեղծման համար ևս 120 մլն դոլար կպահանջվի, պարբերականի հետ զորւյցում նշել է փորձագետ Անդրեյ Վասյուտկինը: