Home / Հայաստան / ԱՄՆ Կոնգրեսին հերթական անգամ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Կոնգրեսին հերթական անգամ Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ներկայացվել

Հունիսի 15-ին հանրապետական կոնգրեսականներ Ռոբերտ Դոլդը և Էդ Ռոյսը ու դեմոկրատներ Ադամ Շիֆը և Ֆրանկ Պալոնեն համատեղ բանաձևի նախագիծ են ներկայացրել ԱՄՆ Կոնգրես: Նախագծում հաստատվում է 1915 թվականին Թուրքիայի կողմից իրագործված Հայոց Ցեղասպանության փաստը, հաղորդում է Ամերիկայի Հայկական Ասամբլեան:

«96 տարի առաջ 1,5 միլիոն մարդ սպանվել են միայն նրա համար, որ հայ են եղել: Ես անձամբ եմ պատմություններ լսել ամերիկահայերից, որոնք կորցրել են իրենց սիրելի մարդկանց Հայոց Ցեղասպանության ժամանակ: Այս սարսափելի ողբերգությունը չպետք է արհամարհվի, դեռ ավելին, որպես ազգ, որը պայքարում է արդարության համար, մենք պարզապես պարտավոր ենք ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, որպեսզի կարողանանք կանխել այլ Ցեղասպանությունների իրագործումը»,- Ռոբերտ Դոլդի խոսքերը փոխանցում է Ասամբլեայի կայքը:

Կոնգրեսի 435 անդամներից 57-ն արդեն ստորագրել են օրինագծի բնօրինակը: Նախագծի քննարկման հնարավոր ժամկետների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի նախագիծը քննարկվել էր ԱՄՆ Կոնգրեսի Միջազգային հարաբերությունների կոմիտեում, սակայն Կոնգրեսին քվեարկելու համար այդպես էլ չէր ներկայացվել: Բանաձևի ընդունման դեմ էր արտահայտվել ԱՄՆ Պետդեպը` հորդորելով կոնգրեսականներին չքվեարկել բանաձևի օգտին: