Ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ, երգչուհի, երաժիշտ Զեմֆիրան, հնարավոր է, շուտով գա Հայաստան:
Epress.am-ի հետ զրույցում «Պահանջում ենք Զեմֆիրային Հայաստան» ֆեյսբուքյան խմբի նախաձեռնող անդամ Էլեոնորա Արարատյանն ասել է, որ իրենք երկու շաբաթ առաջ դիմել են երգչուհու մենեջերին և այժմ սպասում են պատասխանի:
«Պաշտոնական նամակով Հայաստանի ռոք ասոցիացիան`
հայաստանյան բարձրագույն մարմինների աջակցությամբ, դիմել է Զեմֆիրայի մենեջերին Հայաստանում համերգ կազմակերպելու առաջարկով, և մեզ ասել են, որ պետք է վերանայեն նրա աշխատանքային գրաֆիկը, այնուհետև պատասխան տան»,- ասել է Արարատյանը:
Նա նշել է, որ իրենք սպասելու են պատասխանին, որից հետո արդեն կդիմեն համապատասխան մարմիններին ֆինանսական աջակցության համար:
«Մինչ այդ մենք ամեն ձև ակտիվ ենք պահելու մեր նախաձեռնությունը. այսպես, մենք արդեն կազմակերպել ենք Զեմֆիրայի երեկո «Ֆրենդս» ակումբում, որտեղ ռոք խմբերի կատարմամբ հնչել են Զեմֆիրայի երգերը, ցուցադրվել է նրա մասին պատմող ֆիլմ, մարդկանց անընդհատ կոչ ենք անում միանալ ֆեյսբուքյան խմբին, որտեղ արդեն 5000 օգտատեր կա: Ինչպես նաև այս ամսվա 21-ին ֆլեշ մոբ ենք անցկացնելու Հյուսիսային պողոտայում: Դրա ժամանակ մասնակիցներից յուրաքանչյուրն իր ձեռքին կունենա Զեմֆիրայի անվան մի տառ, և մենք քայլերթ կիրականանցնեք Երևանի կենտրոնական փողոցներով»,- ասել է խմբի նախաձեռնողը: