Մոսկվայի Տրիֆոնովյան փողոցում կառուցվող հայկական եկեղեցու կառուցապատման աշխատանքների համար ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, սակայն մոսկվահայ գործարարները, ում գումարներով մինչ այս իրականացվել են շինարարական աշխատանքները, այլևս հրաժարվում են հովանավորել շինարարությունը: Այս մասին գրում է «168 ժամ» պարբերականը` չնշելով կոնկրետ գործարարների անուններ:
«168 ժամ»-ի տեղեկություններով, օրերս նույնիսկ Հայաստանից բարձրաստիճան այրեր և եկեղեցականներ են գնացել մոսկվահայ գործարար շրջանակների մոտ` համոզելու օգնել եկեղեցուն, սակայն մերժում են ստացել:
«Պատճառը ոչ միայն ՀՀ իշխանությունների հետ նրանցից շատերի սրված հարաբերություններն են, այլև հայաստանցի գործարարների և պետական պաշտոնյաների` արտասահմանում ձեռք բերված խոշոր չափերի հասնող ունեցվածքը: Այսինքն` ՀՀ իշխանությունները Սփյուռքի (այդ թվում` Ռուսաստանի) գործարարներից պահանջում են հայրենիքում ներդրումներ կատարել, իսկ իրենք Հայաստանից կապիտալը դուրս են հանում», – նշում է պարբերականը: