Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գալիք 3-4 շաբաթներն անցկցնելու է Հայաստանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բռնցքամարտիկը նշել է, որ իր այցի նպատակները երկուսն են:
Աբրահամի խոսքով` առաջինը նպատակն ամուսնությունն է: Բռնցքամարտիկը նշել է, որ թեև ամուսնության որոշումը վերջնականապես կայացված չէ, բայց գործընթացը «աշխատանքի մեջ է»: Աբրահամը հրաժարվել է բացահայտել, թե ով է իր ընտրյալը` նշելով միայն, որ նա «սովորական աղջիկ է»:
Բռնցքամարտիկի երկրորդ նպատակն է օգնել Երևանի Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի դպրոցին, որտեղ ինքը պատանեկան տարիներին 4 տարի մարզվել է:
Աբրահամն իր հովանավորի` «Ադիդաս» ընկերության հետ համատեղ մարզական գույքի տեսքով 100,000 եվրոյի օգնություն է հանձնելու բռնցքամարտի դպրոցին և դպրոցի աշակերտներին: Օգնության մի մասն արդեն Հայաստանում է, իսկ մյուս մասը Երևանում կլինին երեքշաբթի: