Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի հրշեջ ծառայության պաշտոնյաները հանձնաժողով կստեղծեն, որը, ուսումնասիրելով քաղաքի ժողովրդագրական վիճակը, մեթոդներ կմշակի տարբեր էթնիկ խմբերը ներկայացնող անձանց աշխատանքի ընդունելու համար:
«Մենք հասկանում ենք այն խնդիրները, որին բախվում ենք մարդկանց աշխատանքի ընդունելիս»,-հայտարարել է հրշեջ ծառայության ղեկավար Հարոլդ Սկոգինսը քաղաքի բյուջեի քննարկման ժամանակ:
«Մենք գիտենք, որ համայնքը ուշադրություն է դարձնում այս հանգամանքին», – նշել է նա` նկատի ունենալով մարդկանց ծագումը:
Քաղաքային խորհրդի անդամ Րաֆֆի Մանուկյանն իր մտահոգություն է արտահայտել գերատեսչության կողմից մարդկանց աշխատանքի ընդունման գործընթացի վերաբերյալ` նշելով, որ Գլենդեյլի հրշեջ ծառայության նախկին ղեկավար Քրիստոֆեր Գրեյը դեռ 10 տարի առաջ վստահեցրել էր իրեն, որ ավելի մեծ թվով ազգությամբ հայ հրշեջներ կընդունվեն աշխատանքի:
«10 տարի անց արդյունքները հավասար են զրոյի»,- ասել է Մանուկյանը:
Այնուամենայնիվ, Սկոգինսը նշել է, որ գերատեսչությունն այդուհանդերձ առաջընթաց է գրանցել` վերջին տասը տարիների ընթացքում աշխատանքի ընդունելով ազգությամբ հայ մեկ կին և չորս տղամարդ հրշեջների:
Աշխատակիցների 40 %-ը տարբեր էթնիկ խմբերի ներկայացուցիչներ են, այդ թվում` աֆրիկացիներ, հայեր, կորեացիներ, նշել է Սկոգինսը:
«Կարծում եմ, մեր գործունեությունը արդյունքներ է տալիս: Բայց այդ արդյունքները պետք է ծառայեն ոչ միայն ամերիկահայերին, այլև մի շարք այլ էթնիկ խմբերին»,- նշել է Սկոգինսը:
Նշենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի բնակչությունը կազմում է 191,000 մարդ, որից 53,000-ը հայեր են: