Home / Հայաստան / Ինչու են լարվել Սերժ Սարգսյանի և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները

Ինչու են լարվել Սերժ Սարգսյանի և Աղվան Հովսեփյանի հարաբերությունները

Վերջին շրջանում խիստ լարվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հարաբերությունները, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` նշելով, որ դա տեղի է ունեցել այ պատճառով, որ Աղվան Հովսեփյանն անձամբ Սերժ Սարգսյանի օգնական Արմեն Աբելյանի աներոջ և զոքանչի դեմ քրեական գործ բացելու ցուցում է տվել:

Աբելյանի զոքանչի` Արծվիկ Հովհաննիսյանի և նրա քրոջ` Գայանե Փիլիպոսյանի միջև 2009 թվականին քաղաքացիական վեճ է ծագել` հայրական տան սեփականատեր դառնալու համար: Դատական կարգով այս բնակարանի սեփականատեր է ճանաչվել Արծվիկ Հովհաննիսյանը և նրա ամուսինը` Գևորգ Հովհաննիսյանը: Այս որոշման հետ համամիտ են եղել Արծվիկ Հովհաննիսյանի մյուս երկու քույրերը, սակայն Գայանե Փիլիպոսյանը դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին` քրոջը և նրա ամուսնուն մեղադրելով խարդախությամբ իր գույքին տիրանալու մեջ: Հետաքննիչը որոշել է 2010 թվականի հունվարի 12-ին քրեական գործի հարուցումը մերժել: Վերահսկող դատախազ Շ.Իսրայելյանը հաստատել է հետաքննիչի որոշումը: Երբ գործը հասել է Աղվան Հովսեփյանին, նա 2010-ի ապրիլի 29-ին ցուցում է տվել` պարտադրելով Հովհաննիսյանների դեմ քրգործ հարուցել:

Օրաթերթի տեղեկություններով, ոստիկանությունում շատ լավ իմացել են Հովհաննիսյանների` նախագահականում ունեցած կապերի մասին և գիտակցել են, որ այս պատմությունը սկանդալով է ավարտվելու, բայց քանի որ Աղվան Հովսեփյանն է անձամբ պնդել, որ քրգործ հարուցվի, առանձնապես չեն հակաճառել:

«Ի վերջո, քրգործի մասին զեկուցել են Սերժ Սարգսյանին, և Աղվան Հովսեփյանը ստիպված է եղել նրան երկար-բարակ պարզաբանումներ տալ: Մեր տեղեկություններով, մասնավոր շփումներում Հովսեփյանը բողոքում է, թե իբր ոստիկանությունը և դատական համակարգն են իր «գլխին սարքել», որ ինքն ընդամենը հանգամանքների «զոհ» է դարձել», – եզրափակում է «Հայկական ժամանակ»-ը:

Այս տարվա մայիսի 24-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Արծվիկ Հովհաննիսյանն ու Գևորգ Հովհաննիսյանն արդարացվել են: