2011 թվականը կլինի բեկումնային տարի ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն մեծ հույսեր կապել հունիսի 25-ին Կազանում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հետ իրատեսական չէ, չնայած Ռուսաստանն ամեն ճիգ գործադրելու է դրա համար: Այս մասին «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է Երևանի Պետական Համալսարանի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանը:
«Կազանում կայանալիք հանդիպումը հնարավոր է, որ լինի վերջինը Ռուսաստանի միջնորդությամբ, և անհաջողության դեպքում կփոխվի տարածաշրջանային ստատուս-քվոն` հօգուտ Եվրոպական Միության», – ասել է Ղազինյանը:
Փորձագետը կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն առավել ակտիվ կներգրավվի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մեջ խաղաղության մեծ համաձայնագրի մշակման ընթացքում, գուցե նաև կառաջնորդի այս գործընթացը:
«ԵՄ-ը, ի տարբերություն աշխարհաքաղաքական մնացած կենտրոնների, իրականում շահագրգռված է խաղաղ և կայուն Հարավային Կովկասի տեսլականով», – հավելել է Ղազինյանը: