Այսօր առավոտյան ժամը 10.00-ից ՀՀ ոստիկանության աշխատակիցները փորձում են ճնշում գործադրել Հայ Ազգային Կոնգրեսի Երևանի Դավթաշեն համայնքի շտաբի պետ Սաթենիկ Խաչատրյանի վրա:
Այս մասին Epress.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ինքը` Սաթենիկ Խաչատրյանը:
Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 13.00-ին Կոնգրեսը պատրաստվում է գրասենյակ բացել Դավթաշեն վարչական շրջանում:
«Առավոտյան գրասենյակի դուռն եմ բացում, տեսա` մի քանի ոստիկանական մեքենաներ: Ոստիկանները մոտեցան ինձ ու հարցրեցին, թե այսօր շտա՞բ եք բացում: Ասացի` այո, ձեզ էլ ենք հրավիրում: Նրանցից մի քանիսը ներկայացել են որպես ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներ, իսկ մեկը` Դավթաշենի տեսուչն է եղել, ով ներկայացավ որպես Կոստյա: Դրանից հետո, երբ ինձ հետ երկար խոսեցին, հարց ու փորձ արեցին, թե ով է տարածքի տերը, ով է շտաբի պետը, նրանք գնացին, բայց սկսեցին 15 րոպեն մեկ զանգահարել: Զանգում, հարցնում են` ամուսինս ու տղաս որտեղ են աշխատում, վարձակալությամբ ով է տվել իրենց տարածքը և այլն»,- ասել է Խաչատրյանը:
Նա նաև չի բացառել, որ այժմ փորձ կարվի տարածքի սեփականատիրոջ վրա ճնշումներ գործադրել: